Արշավիր Խալափյանի հետ կապված խնդիրը կարելի էր դիտարկել քաղաքացիաիրավական հարթության վրա. Փաստաբան Գ.Գալիկյան

Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից առևտրային կաշառք ստանալու առթիվ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբան Գարիկ Գալիկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ինքը քրեական գործ հարուցելու համար որևէ իրավական հիմք և հանցակազմ չի տեսնում. «Ինձ համար անհասկանալի է այն, որ տվյալ պարագայում Արշավիր Խալափյանին մատնանշում են որպես փաստաբան: Նախքան փաստաբան լինելն ինքը մարդ է և տվյալ պարագայում էլ հանդես է եկել որպես անհատ, քաղաքացի, ում իրավուքները խախտվել են»:

Ըստ նրա՝ կաշառք ստանալու սուբյեկտ կարող է լինել պաշտոնատար անձը, իսկ այս միջադեպի առնչությամբ նման բան չկա:

Գալիկյանի խոսքով՝ այս խնդիրը կարելի էր դիտարկել քաղաքացիաիրավական հարթության վրա՝  ևս մեկ անգամ ընդգծելով, որ եթե Արշավիր Խալափյանը հանդես է եկել որպես քաղաքացի և շենքի բնակիչ,  ուրեմն այստեղ հանցակազմը բացակայում է և քրեական գործ հարուցելու հիմք առկա չէ.  «Ես չեմ կարծում, որ այս քրեական գործը շարունակություն կունենա: Այս գործում ամենացավալին հենց դա է, որ նրան որպես փաստաբան են դիտում: Հենց նյութի մեջ էլ երևում է (եթե իհարկե այդ տեսանյութը մոնտաժման արդյունք չէ), որ Արշավիր Խալափյանը հանդես է գալիս, որպես տվյալ շենքի բնակիչ և առաջացած քաղաքացիաիրավական հարաբերությունները նրան իրավունք  էին վերապահում նաև որպես բնակիչ հրաժարվել դիմում-բողոքներ ներկայացնելու իր իրավունքից և որպես շենքի համասեփականատեր պահանջել ու ստանալ իրեն պատճառված վնասների փոխհատուցում: Տվյալ պարագայում նա չի ներկայացրել որևէ քաղաքացու շահ և հակառակ կողմն էլ չի եկել գումար առաջարկել, որ փաստաբանը որոշակի գործողություններ կատարի իր վստահորդի համար»:

Փաստաբանի համար անհասկանալի էր նաև այն հանգամանքը, որ մարդուն առաջարկում են ինչ-որ գործողություններ կատարելուց զերծ մնալ, մարդը սկզբունքորեն հրաժարվում է և գործի շրջանակներում աղմուկ է բարձրանում: Այսինքն՝ ո՞րն է դրա  նպատակը:

 Հ.Գ.

Փաստաբանների շրջանում նաև ակտիվորեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ իրականում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 200 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է. «Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, արբիտրին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար»: Եթե այս ամենը իրականությանը համապատասխանում է, ապա արդեն այս զարգացումները վերաբերվում են, ոչ թե քաղաքացի Արշավիր Խալափյանին, այլ «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Կույումջյանին, ով գաղտնի կերպով տեսաձայնագրել է քաղաքացի Արշավիր Խալափյանի հետ իր զրույցը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել