Ինչպե՞ս ներգրավել քաղաքացիներին ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում. առաջիկայում քայլեր կմշակվեն

Հայաստանում քաղաքացիների մեծամասնությունը ներգրավված չէ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացում, շատերն անգամ չգիտեն այդ հարցում իրենք իրավունքների մասին: Նման եզրահանգման է եկել Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկան:

«Չեխիայի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հպարտ են այս ծրագրի մաս և նրա գործընկեր լինելու համար։ Կարծում եմ, որ ձեր ծրագիրը, որը մենք սկսում ենք այսօր, կատարելապես համապատասխանում է այն գործողություններին, որ Չեխիայի Հանրապետությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան գործընկերության երկրներում, և հատկապես պետական կառավարման բարեփոխումների ոլորտում»,- ասաց Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկան։

Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում. Եվրոմիության փորձը. այն իրականացնելու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» գործընկերներ` «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Ծրագրի իրականացումը սկսվել է 2014 թվականի մայիսի 1-ից և կավարտվի 2014 թվականի օգոստոսի 31-ին:

«Ուզում եմ նշել, որ ՀԵԻԱ-ն մեծապես կարևորում է Արևելյան գործընկերության շրջանակներում նման ձևաչափով Հայաստանի, Վրաստանի և Չեխիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը, վստահ եմ եռակողմ այս ծրագիրը մեկ քայլ առաջ կկատարի գործընկերության զարգացման ապահովման համար»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Վրաստանի համար այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ այժմ բարեփոխումների մեծ ալիք է սկսվել տեղական ինքնակառավարման ոլորտում: Տեղական խնդիրների լուծման հարցում քաղաքացիների ազդեցությունը մեզ համար շատ կարևոր է»,- նշեց Վրաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի ներկայացուցիչ Քեթևան Բեբիաշվիլին:

Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել տեղական ինքնակառավարման բնագավառի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության մակարդակը, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության առաջավոր փորձն այդ ոլորտում հանրային վերահսկողության իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրի եվրոպական փորձագետներ, չեխական «Ագորա Սենթրալ Յուրփ» ՀԿ փոխտնօրեն Պավել Միչկան և Չեխիայի Հանրապետության Չեշսկի Բրոդի քաղաքապետ Յակուբ Նեկոլնին թեմայի վերաբերյալ երկօրյա ուսուցման շրջանակներում պատմեցին ՏԻՄ ոլորտում քաղաքացիների մասնակցության առավելությունների և սահմանափակումների մասին, ՏԻՄ ոլորտում քաղաքացիների մասնակցության ծրագրերի չափանիշները հստակեցրին և փորձեցին ծրագիր մշակել ու ներկայացնել:

«Այն ինչ հիմնականում փորձում ենք անել, այն է, համայնքապետարաններին և պաշտոնատար անձանց ցույց տալ, որ մասնակցությունը մի գործընթաց է, որ կարող է յուրաքանչյուրին օգնել առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանն ու զարգացմանը։ Մասնակցությունը մի բան է, որը կարող է օգնել ոչ միայն որոշակի հետաքրքրություններ ունեցող խմբին, այլայն կարող է օգտագործվել բոլորի կողմից, քանզի մասնակցությունը բոլորի համար է»,- ասաց Չեխական «Ագորա Սենթրալ Յուրփ» ՀԿ փոխտնօրեն Պավել Միչկան:

«Մենք պատասխանատվություն ենք կրում որոշումների կայացման գործում քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունն ապահովվելու համար: Բայց դա շատ քիչ ոլորտներում է հնարավոր` կրթական, սոցիալական»,- նշեց Չեխիայի Հանրապետության Չեշսկի Բրոդի քաղաքապետ Յակուբ Նեկոլնին:

«Բոլորը ստացան այնքան կարևոր պրակտիկ գիտելիքներ, որոնք մեզ կօգնեն երկու երկրներում` Վրաստանում և Հայաստանում, ծրագրի իրականացման ժամանակ»,- նշեց Վրաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի ներկայացուցիչ Քեթևան Բեբիաշվիլին:

Առաջիկայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ Հայաստանի Լոռու մարզի, իսկ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ Սամցխե- Ջավախեթի շրջաններից յուրաքանչյուրի մեկական քաղաքային և գյուղական համայնքներում կանցկացնեն «World café» ֆորմատով մեկական համայնքային քննարկումներ: Դրանց հիմնական նպատակն է ՏԻՄ-երի որոշումների կայացման գործընթացում վեր հանել քաղաքացիների մասնակցության խնդիրները և փորձել դրանք լուծել ՏԻՄ ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացման միջոցով:

Ծրագրի ավարտին ՀՀ Լոռու մարզում տեղի կունենա ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ծրագիր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները կամփոփեն ծրագրի արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել