Մեկնարկել է «Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում. Եվրոմիության փորձը» ծրագիրը

2014 թվականի մայիսի 1-ից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ համագործակցելով իր գործընկերներ՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և չեխական «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ, մեկնարկեցին «Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում. Եվրոմիության փորձը» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական օժանդակության շրջանակներում:

Ծրագրի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում:

«Ուզում եմ նշել, որ ՀԵԻԱ-ն մեծապես կարևորում է Արևելյան գործընկերության շրջանակներում նման ձևաչափով Հայաստանի, Վրաստանի և Չեխիայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը, վստահ եմ եռակողմ այս ծրագիրը մեկ քայլ առաջ կկատարի գործընկերության զարգացման ապահովման համար»,- ողջունի խոսքում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Այս ծրագրի նպատակն է մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին և նրանց դրանք կիրառելու գործիքներ ու լծակներ տրամադրել»,- ասաց Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան գործերի հավատարմատար Պետր Միկիսկան:

«Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և ներկա գտնվել այս հանդիպմանն այս ծրագրի շրջանակներում։ Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի հանրապետության այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար»,- ասաց Վրաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի ներկայացուցիչ Կետեվան Բեբիաշվիլին:

Ողջույնի խոսքերին հաջորդեց երկօրյա դասընթաց՝ չեխական փորձագետների կողմից: Դասընթացին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի երիտասարդ իրավաբանների և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաներից:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության մակարդակը, զարգացնել ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ քաղաքացիների` հանրային վերահսկողություն իրականացնելու կարողությունները` կիրառելով այդ ոլորտում ԵՄ առաջավոր փորձը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել