Կառավարման կիսանախագահական ձև չկա. Հրայր Թովմասյան

«Տեսական գրականության մեջ կա նշված, որ իրականում կառավարման կիսանախագահական ձև չկա, այն գոյություն ունի միայն թղթի վրա»,- այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերին նվիրված հանրային քննարկումների ժամանակ նման կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա՝ եթե նախագահն ունի մեծամասնություն պառլամենտում, ապա մենք գործ ունենք նախագահական կառավարման ձևի հետ, եթե նախագահը չունի այդ պառլամենտական մեծամասնությունը՝ կառավարման ձևը դառնում է պառլամենտական. «Ստացվում է, որ իրական կյանքում մենք ունեցել ենք նախագահական կառավարման համակարգ: Այն մի շարք բարդություններ է առաջացնում: Եթե ասում ենք, որ կիսանախագահական կառավարման համակարգում կառավարությունը ձևավորվում է պառլամենտի միջոցով, ապա եթե նայենք մեր սահմանադրական մեխանիզմները, կտեսնենք, որ դրա հնարավորությունը չի տալիս: Հանրապետության նախագահն է առաջադրում այն թեկնածուին, որը հետո պետք է ստանա պառլամենտի հավանությունը»:

Հրայր Թովմասյանի կարծիքով՝ խոսելով կառավարման կիսանախագահական ձևի մասին մենք միշտ նշում ենք, որ այն մեզ հարկավոր է, քանի որ ՀՀ-ն ուժեղ նախագահի կարիք ունի. «Իսկ որտեղի՞ց է նա այդ ուժը ստանում՝ մանդատով ընտրվելիս, թե պառլամենտական մեծամասնությունից: Ստացվում է, որ ուժեղ նախագահ ունենալու համար նախագահը պետք է ընտրվի մանդատով և ունենա մեծամասնություն պառլամենտում»:

Եզրափակելով խոսքը՝ բանախոսը նշեց, որ թեև կառավարման պառլամենտական համակարգը առկա բոլոր խնդիրները չի լուծի, բայց շատ հարցերին դրական պատասխան կտա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել