Պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ արտահայտված աշխատակիցները պահանջում են իրենց վերականգնել նախկին աշխատանքում

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ այսօր կայացավ Երևանի Կարեն Դեմիրճյան անվան մետրոպոլիտեն ՓԲԸ-ի նախկին 3 աշխատակիցներ Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի, Գագիկ Գալստյանի դիմումի հիման վրա գործի քննությունը. մինչև աշխատանքից ազատվելը նրանք մետրոպոլիտենում պայքարում էին պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ:

Նախապատրաստական նիստի ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի իրավաբան Քրիստինա Գևորգյանը դատարանին ներկայացրեց հայցապահանջը` անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Երևանի Կարեն Դեմիրճյան անվան մետրոպոլիտենի Իրավաբանական վարչության պետ, պատասխանող Արտակ Երեմյանը նշեց, որ հայցվորները պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտավորությունները պատշաճ չեն կատարել, ինչն էլ նրանց աշխատելու հիմք է եղել: Որպես խախտում նշեց այն, որ մեքենասրահ են թույլ տվել մարդկանց, ովքեր իրավունք չունեին գտնվելու այնտեղ:

«Հայցվոր Գալստյանը, հերթափոխի ընթացքում թույլ է տվել շահագործման կանոնների խախտում: Ինչո՞ւմ է արտահայտվել շահագործման կանոնների այդ խախտումը»,- ընթերցելով պատասխանողի կողմից ներկայացված հայցի պատասխանը հարցրեց դատավորը:

Արտակ Երեմյանը պատասխանեց, որ խախտումը եղել է այն, որ գրանցամատյանում նախատեսված գրառումը չի կատարվել:

Հայցվոր Անդրանիկ Գևորգյանը հայտարարեց, որ բացի այն, որ գրառումներ են կատարում մատյանում, նաև ձայնագրվում են: Այսինքն` եթե անգամ այդ պահին գրառում չկատարի, միևնույն է ձայնը ձայնագրառվում է:

Դատավորը պատասխանողի կողմից պահանջեց այդ ձայնագրումը, Արտակ Երեմյանը նշեց` եթե արձանագրված լինի, ապա կներկայացնի դատարան:

Հայցվոր Անդրանիկ Գևորգյանը պատասխանեց նաև, որ մեքենասրահում այլ մարդիկ են եղել, քանի որ այդ օրը վթար է եղել, և նրանք եկել են այդ թերությունը վերացնելու. Նրանք իրավունք են ունեցել գտնվելու մեքենասրահում:

Եվս մեկ նախատարաստական դատական նիստից հետո, դատարանը կանցնի դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել