Ես ներկայացված փաստաթղթերից ոչ մեկի տակ չեմ ստորագրել. Վարորդը շարունակում է պայքարել գծատիրոջ դեմ

Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ շարունակվեց «Էս-Թի տրանսմոբիլ» ՍՊԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այսօրվա նիստի ընթացքում «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերության ներկայացուցիչ Արման Ապիտոնյանը ներկայացրեց գործում արդեն առկա Հայկ Գասպարյանին վճարած աշխատավարձի ցուցակների բնօրինակները:

Հայկ Գասպարյանի ներկայացուցիչ Արևհատ Սիմոնյանը դատարանին հայտնեց, որ իր վստահորդը այդ ցուցակներն առաջին անգամ տեսել է դատարանում և որևէ փաստաթղթի տակ ինքը չի ստորագրել. «Ինչպես տարբերություն կա ցուցակների տարբեր էջերի վրա դրված ստորագրությունների մեջ, այնպես էլ ներկայացված աշխատանքային պայմանագրի մեջ: Երկու տեղ է դրված նրա ստորագրությունը, որոնք երկուսն էլ տարբեր են»:

Նա դատարանին միջնորդեց, որպեսզի կողմը ներկայացնի նաև աշխատանքային պայմանագրի բնօրինակները ՝ հասկանալու համար, թե կարելի է արդյո՞ք դրանք որպես ապացույց դիտել:
Դատավորը նշեց, որ այստեղ ոչ թե գործն է քննվում, այլ՝ բողոքը: Վերաքննիչ դատարանը լիազորված չէ բողոքը քննելիս որևէ կողմից ապացույց պահանջել:

Դատավոր Կարեն Չիլինգարյանը հարց ուղեց Արման Ապիտոնյանին՝ նշելով, ներկայացված փաստաթղթերը ստորագրված չեն հաշվապահի, ստուգողի և ոչ էլ վճարողի կաողմից. «Ի՞նչ եք կարծում առանց այս վավերապայմանների ներկայացված փաստաթուղթը վավերական է թե՝ ոչ»:

Այս հարցին ընկերության ներկայացուցիչը տվեց դրական պատասխան. «Իհարկե, գտնում եմ,վավերական են, քանի որ աշխատողը դրանք տակ ստորագրել ա: Իսկ այնտեղ դրված ստորագրությունները պատկանում են հայցվորին»:

Հայկ Գասպարյանը դատարանում ևս մեկ անգամ պնդեց, որ ինքը այդ պայմանագրերի տակ չի ստորագրել, իսկ իր ստորագրությունը կեղծվել է. «Ես իմ ամեն ասածի համար պատասխանատու եմ: Մի անգամ եմ ես ստորագրել՝ 47 հազար դրամ աշխատանքային պայմանագրի տակ ու դրա իմ օրինակը չեմ ստացել»:

Դատարանը «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերության կողմից բերված բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 19-ին:

Արև Ավագյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել