Էդ սաղ կարան փախնեն ու սաղ կուժն ու կուլեն իմ գլխին կոտրվի. ԱԱԾ աշխատակից ներկայացած ամբաստանյալը ցուցմունք տվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում շարունակվեց  Հայկ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Այս անգամ ցուցմունք տվեց ամբաստանյալ Հայկ Վարդանյանը: Նա դատարանին հայտնեց, որ ինքը Հնդկաստանի 7 և Նեպալի 2 քաղաքացիներին չի խաբել: Գումարը վերցրել է և ասել, որ իրենց գործը կլինի 10-ը օրից: Սակայն մի քանի օր անց նրան ձերբակալում են կաշառք վերցնելու համար և խոստացածն ավարտին հասցնել չի կարողանում:

«Եթե ես իմանայի, որ պետք ա, որ հետո կասեն խարդախություն ա չէի ուղարկի: Ես գտնում եմ, որ էդտեղ ոչ խարդախության հարց կա, ոչ էլ: Հենա 2008 թվականին էլ տենց մարդ ուղարկեցի Ֆրանսիա, ինձ դրա համար դատեցին, բայց էն մարդիկ էնտեղ են եղել: Խաբելու լինեի մարդիկ ինձ չէին վստահի» :

Ամբաստանյալի խոսքով՝ Արայիկ Պետրոսյանը, ով գործով ներգրավված է որպես վկա, իրեն ասել է, թե իբր կան նաև Իրանի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են Եվրոպա մեկնել, բայց ինքը նրանց օգնել մերժել է. «Հենա, եթե իմ նպատակը խաբելը լիներ իրանց էլ կօգնեի, միանգամից բիրիքով փող կաշխատեի: Մի քանի անգամ նախաքննության ժամանակ Արայիկի հետ առերեսում եմ պահանջել, բայց քննիչը բավարարել ա մասնակի: Ի՞նչ ա էդ նշանակում: Արսեն Մուրադյանը (գործով վկա-խմբ.) ասել էր, որ վերցրած փողը 1800 եվրոն հետ կբերի, բայց ուրա, թողեց փախավ: Դրսում իմ ընկերներից իրան տեսել են, ասել են գնա էդ հարցերը լուծի սաղ էդ տղու վրա ա: Ինքն էլ ասել ա կտանեմ կլուծեմ ԱՄՆ-ից փողի եմ սպասում: Բայց թողեց փախավ Ռուսաստան: Էդ սաղ կարան փախնեն ու սաղ կուժն ու կուլեն իմ գլխին կոտրվի: 14 հազար դոլար են վերցնում, մարդկանց կեղծ վիզա են հանում, խաբում ու ոչ էլ դատվում են: Ինչի իրանք պատասխան չեն տալիս իրանց կերածի համար: Մի թուլի փայ բերել են ինձ են տվել ու էսօր ես եմ դատվում: Հայկոն հնդիկներին խաբեց»:

Հայկ Վարդանյանը դատարանում պնդեց, որ ինքը հնդիկների և Նեպալի քաղաքացիների հետ որևէ պայմանավորվածություն չի ունեցել, անգամ չի էլ հանդիպել: Բոլոր հարցերով զբաղվել է Արայիկ Պետրոսյանը:

Ամբաստանյալի պնդմամբ ՝ Գագիկ Աբրահամյանը և Արայիկ Պետրոսյանը տեղյակ են եղել, որ վիզաները պետք է կեղծ լինեն. «Իրան լավ էլ սաղ իմացել են: Ինձ ասել են մենակ կազմակերպի թող գնան Ֆրանսիա: Էնտեղ կհանձնվեն ու սաղ հարցերը կլուծվի: Իրանք գիտեին, որ օրինական չէին կարա գնային, որովհետև դեսպանատուն չէին կարա մտնեին: Ես ասել եմ գնալ ա պետք, ես գնալու հարցը լուծում եմ: Իրանք չեզոք դերում չեն եղել, եղել են հենց հնդիկներին խաբողները: Անգամ գնացել են, վախացրել են, որ հնդիկները սաղ իմ վրա գրեն»:

Ըստ Հայկ Վարդանյանի՝ օրինական ճանապարհով Ֆրանսիա ուղարկելու համար կպահանջվեր 6000 եվրո՝ ներառյալ ինքնաթիռի տոմսերը, հյուրանոցը՝ մի խոսքով ողջ փաթեթը։ Սակայն օտարերկրացիները դա շատ մեծ գումար են համարել և հրաժավել  փաթեթում ներառված որոշ ծառայություններից. «Ես վիզաները չեմ կեղծել, կեղծելուց շատ հեռու եմ: Չեմ կարա ասեմ, թե ով ա արել: Էդ հարցը թող օդի մեջ մնա: Մենակ Արտյոմ անունով մի հատ տղու հետ եմ հանդիպել, ով պիտի ինձ տոմսերը տար»:

Ամբաստանյալ Հայկ Վարդանյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում դատախազը էական  հակասություններ նկատեց եւ միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը: Դատավորը բավարարեց միջնորդությունը:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Հայկ Վարդանյանը ծանոթացել է մի վրացի տղամարդու հետ՝ Կոտե անունով, ումից և տեղեկացել է, պատրաստում է շենգենյան երկրների մուտքի արտոնագրեր և դրանցով անձանց Վրաստանից ուղարկում է եվրոպական երկրներ: Մի քանի օր անց Կոտեն հետ է վերադարձնում Նեպալի 2 և Հնդկաստանի 7 քաղաքացիների անձնագրերը՝ արդեն վիզաներով:

Դատավորը որոշեց այսօրվա դատական նիստը հետաձգել՝ հաջորդ  նիստին վկա Գագիկ Աբրահամյանի ներկայությունն ապահովելու համար:

Ամբաստանյալի պաշտպանը դատարանում պնդեց, որ վկան միտումնավոր չի ներկայանում դատական նիստերին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 21-ին

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել