Հայաստանում հողերը բաժանվում են ըստ իրենց նպատակային նշանակության։ Դրանցից առանձնահատուկ կարգավորում ունեն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը։ Դրանք այն հողամասերն են, որոնք տրամադրվում կամ օգտագործվում են արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության համար, տեխնոլոգիական սարքավորումների շահագործման պայմանների ապահովման, պահեստարանների համար նախատեսված շենքերի և շինությունների կառուցման ու սպասարկման, ինչպես նաև ընդերքի օգտագործման նպատակով։ Այս կարգավորումն ամրագրված է Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածում։
Ի՞նչ հողեր են համարվում արդյունաբերական և արտադրական նշանակության
Օրենքի համաձայն՝ այս խմբին պատկանող հողերը ըստ գործառնական նշանակության դասակարգվում են․
- արդյունաբերական օբյեկտների.
- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների.
- պահեստարանների.
- ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի։
Ի՞նչ սահմանափակումներ են գործում
Արտադրական օբյեկտների շահագործման և բնակչության անվտանգության ապահովման նպատակով որոշ տարածքների վրա սահմանվում են հատուկ իրավական ռեժիմով գոտիներ՝ օրինակ՝ սանիտարական կամ պահպանական։ Այդ գոտիներում․
- արգելվում է որևէ գործունեություն, որը հակասում է սահմանված ռեժիմին,
- սեփականատիրոջ հողամասը չի վերցվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այն ամբողջությամբ դուրս է գալիս տնտեսական շրջանառությունից կամ օրենքով նախատեսված դեպքերում։
Ինչպե՞ս են տնօրինվում հանված հողամասերը
Եթե հողամասը սանիտարական կամ պահպանական պահանջներով դուրս է բերվում տնտեսական շրջանառությունից, այն․
- տրամադրվում են այն իրավաբանական անձանց և հիմնարկներին, որոնց գործունեությունը պահանջում է սանիտարական գոտիների սահմանման անհրաժեշտություն
- կամ դասվում են պահուստային ֆոնդի հողերին
Ո՞րն է հողերի օգտագործման հատուկ կարգը
Արտադրական նշանակության հողերի օգտագործման պայմանները սահմանվում են օրենքով։ Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում հող տրամադրելու կարգը որոշում է լիազորված պետական մարմինը՝ համաձայնեցված համապատասխան կառավարման մարմինների հետ։
Ինչպե՞ս են որոշվում հողամասերի չափերը
Շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման համար տրամադրվող հողամասերի չափերը սահմանվում են․
- հաստատված նորմերով,
- կամ նախագծային, տեխնիկական փաստաթղթերով։
Հողերի տրամադրում ընդերքօգտագործման համար
- Օգտակար հանածոների արդյունահանման համար հող տրամադրվում է միայն այն դեպքում, երբ առկա է ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ։
- Նոր հողամաս չի կարող տրամադրվել, եթե ընդերքօգտագործողը չի վերականգնել նախկինում իր գործունեությամբ խախտված հողերը՝ համաձայն վերականգնման նախագծերի
Կարևոր է իմանալ
- Եթե ձեր հողը գտնվում է սանիտարական կամ պահպանական գոտում, ձեր իրավունքները կարող են սահմանափակվել։
- Հողամաս տրամադրելու կամ օգտագործման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը։
- Ընդերքօգտագործողները պարտավոր են վերականգնել իրենց գործունեությամբ վնասված հողերը, հակառակ դեպքում նոր հող չեն ստանա։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։