Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք-ում՝ e-draft.am հարթակում, 2025թ. սեպտեմբերի 2-17-ը հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։
Ի՞նչ փոփոխություն է առաջարկում ՆԳՆ-ն.
ՆԳՆ-ի կողմից մշակված նախագիծն առաջարկում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն,» բառերը փոխարինել «նախապատրաստում է, կատարում է կամ» բառերով։
Ի՞նչ խնդիր է փորձում լուծել նախարարությունը.
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ներկայիս կարգավորմամբ՝ դատարանի որոշմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները (ներքին դիտում, նամակագրության վերահսկում, թվային հաղորդակցության վերահսկում և ֆինանսական գործարքների վերահսկում) կարող են անցկացվել միայն արդեն կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։
ՆԳՆ-ի հիմնավորմամբ, սա հակասում է օպերատիվ-հետախուզական գործունեության կանխարգելիչ բնույթին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, համաձայն որի՝ օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով ձեռք բերված նյութերը կարող են որպես ապացույց օգտագործվել, եթե դրանք ձեռք են բերվել հանցագործությունը կանխելու, խափանելու կամ բացահայտելու նպատակով։
Ի՞նչ է կոնկրետ առաջարկում ՆԳՆ-ն.
ՀՀ ներքին գործերի նախարարության նախագծով առաջարկվում է թույլատրել նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների կիրառումը նաև նախապատրաստվող և կատարվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։
Ի՞նչ արդյունք է ակնկալում նախարարությունը.
Նախարարության հիմնավորման համաձայն, ակնկալվում է՝
- հնարավորություն՝ կանխելու և խափանելու ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները,
- համապատասխանեցում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական օրենսդրության միջև,
- հնարավորություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներն օգտագործել որպես ապացույց քրեական վարույթում։
Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024թ. նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշմամբ հաստատված Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից։
Հանրային քննարկմանը մասնակցելու համար այցելեք՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։