27 հազար եվրոյի դիմաց խոստացել էր հնդիկներին օգնել մեկնել Եվրոպա

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում շարունակվեց  Հայկ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել գործով վկաներ Կարեն Դավթյանը, Գագիկ Աբրահամյանը, Արսեն Մուրադանը և Լիանա Աչիկյանը:

Կարեն Դավթյանն աշխատում է ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատում, այդ իսկ պատճառով ներկայանալ դատական նիստին չէր կարողացել: Վկա Արսեն Մուրադյանը գտնվում է արտերկրում, իսկ Լիանա Աչիկյանը դատարանին տեղեկացրել է, որ նիստին չի կարող ներկայանալ, քանի որ հղի է:

Գործով մյուս վկան` Գագիկ Աբրահամյանը արտագնա աշխատանքի պատճառով բացակայել է ՀՀ-ից, սակայն փետրվար ամսին վերադարձել է: Նրա ներկայությունը դատարանը կապահովի մյուս դատական նիստին:

Նեպալի քաղաքացիներ` գործով տուժողները, դիմումներ էին ներկայացրել դատարան և խնդրել հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքը: Քանի որ իրենք տուժել են ամբաստանյալ Հայկ Վարդանյանի գործունեությունից, գտնվում են ֆինանսական շատ ծանր վիճակում:

Դատարանը որոշեց հրապարակել գորոծով վկաների նախաքննական ցուցմունքները, բացառությամբ Գագիկ Աբրահամյանի:

Ըստ Կարեն Դավթյանի նախաքննական ցուցմունքի` վերջինս 1999 թվականից աշխատում է ԱԱԾ-ում:  Ամբաստանյալ Հայկ Վարդանյանին ճանաչում է շուրջ 2 տարի: Նրա հետ ծանոթացել է ամբաստանյալի որդու միջոցով, ով ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ է:

Հայկ Վարդանյանն ասել է, որ նախկինում ինքն աշխատել է ԱԱԾ-ում և օպերատիվ նշանակության տեղեկատվությունների է տիրապետում, մասանվորապես  կեղծ փաստաթղթերի և շենգենյան երկրների արտոնագրերի պատրաստումների վերաբերյալ: Դրանք տրամադրելու դիմաց Հայկ Վարդանյանը խնդրել է իրեն տեղավորել աշխատանքի, քանի որ  հիմա գործազուրկ է:

Կարեն Դավթյանի մոտ Հայկ Վարդանյանի ասածները կասկած են առաջացրել, և նա անմիջապես դրա մասին մանրամասն զեկուցել է սահմանապահ զորքերի ղեկավարությանը և ստացել նրանցից համապատասխան ցուցում` շարունակել հանդիպել Հայկ Վարդանյանի հետ և ամեն գնով ստեղծել ջերմ հարաբերություններ: Վկայի խոսքով` իրեն ասել են, որ երեք հնդիկներ ցանկանում են մեկնել Եվրոպա՝ մշտական բնակության: Թե քանի՞ հոգու է Հայկ Վարդանյանը պատրաստվել ուղարկել Եվրոպա, վկան տեղյակ չէ: Իրեն մանրամասների մասին Հայկը տեղյակ չէր պահել:

Այնուհետև հրապարակվեց մյուս վկայի` Արսեն Մուրադյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի ինքն ամբաստանյալին ճանաչել է շուրջ երկու ամիս: Նախապես իմացել է, որ Հայկ Վարդանյանը տուրիստական գործունեությամբ է զբաղվում: Վերցրել է նրա հեռախոսահամարը, որ հարկ եղած դեպքում դիմի: Մի որոշ ժամանակ անց զանգում է Հայկին և ասում է, որ ուզում է ԱՄՆ մեկնել: Այդ հարցը կազմակերպելու համար Հայկ Վարդանյանը վկայից պահանջում է  5 հազար դոլար: Միաժամանակ տվել է նաև անձնագիրը և երկու լուսանկար:

Այնուհետև Արսեն Մուրադյանին է դիմել գործով վկա  Գագիկ Աբրահամյանը, ով ասել, որ հնդիկներ կան, ովքեր ցանկանում են մեկնել եվրոպա: Դիմել են Հայկին` օգնության ակնկալիքով: Հայկը դրական պատասխան է տվել` աելով, որ կարող է այդ ամենը կազմակերպել` յուրաքանչյուրի համար պահանջելով 7 հազար եվրոյի դիմաց: Դրա մեջ կմտնի վիզան, ճանապարհածախսը և հյուրանոցը: Հնդիկները նշված գումարին չեն համաձայնել: Ի վերջո հնդիկների եվրոպա մեկնել կազմակերպվել է 3000 եվրոյով և Գագիկ Աբրահամյանն ամբաստանյալին տվել է 27 000 եվրո:

Թեև Արսեն Մուրադյանը չի պահանջել, բայց Գագիկ Աբրահամյանը նրան 1800 եվրո է տվել` իր արած լավության դիմաց:

 Վկան քննիչին ասել է, որ գումարն անպայման ետ կվերադարձնի: Պարզապես ներկայումս գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ. «Ես չեմ իմացել, որ Եվրոպա մեկնելու վիզաները կեղծ են լինելու, այլապես Հայկին չէի դիմի և իմ անձնագիրն ու նկարները չէի տա՝ ԱՄՆ մեկնելու գործընթացը կազմակերպելու համար: Ես ամբաստանյալին որևէ գումար չեմ տվել»:

Վկա Լիանա Աչիկյանը դատարանին հայտնել է, որ դեպքի մանրամասների մասին ինքն իմացել է ամուսնուց գործով մյուս վկա Գագիկ Աբրահամյանից:

«Ամուսինս ինձ պատմել է, որ իր ծանոթներից Արամի խնդրանքով մարդ է ման եկել, որպեսզի օգնի հնդիկներին մեկնել Եվրոպա: Գագիկն իր ծանոթների միջոցով հանդիպել է Հայկ անունով մի քաղաքացու հետ, ով խոստացել է կազմակերպել նշված անձանց մեկնումը Եվրոպա: Ամուսնուցս վերցրել է Արամի կողմից փոխանցված գումարը և անձնագրերը: Հետագայում պարզվել է, որ այդ քաղաքացիների համար պատրաստվել են կեղծ վիզաներ, որի մասին Գագիկը չի իմացել: Պատմածիս մասին լսել եմ ամուսնուցս»,- ասվում է վկայի նախաքննական ցուցմունքում:

Նիստի ընթացքում դատարանն ուսումնասիրեց նաև գործով առկա ապացույցները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության ` Հայկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արիստակես Քալաշյանին վստահեցրել է, որ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել