Դատական դեպարտամենտի նախկին աշխատակիցը դատապարտվեց 4 տարի ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական Արմեն Դավթյանին դատապարտեց 4 տարի ազատազրկման և  200 հազար դրամ տուգանքի բռնագանձում՝ փաստաթղթերը կեղծելու համար:
 
Արմեն Դավթյանին մեղավոր ճանաչեց  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը:
 
Ամբաստանյալի նկատմամբ  ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու ստորագրությունը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի`օրինական ուժի մեջ մտնելը: 
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ միջնորդելով հաշվի առնել մի շարք հանգամանքներ և նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել. «Կարծում եմ, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հնարավոր է տվյալ գործով հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը»:
 
Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալն ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը, որն արտահայտվել է նախաքննության մարմնին այնպիսի տեղեկությունների հաղորդմամբ, որոնք հետաքրքրություն են ներկայացրել և մինչ այդ անհայտ են եղել:
 
Ամբաստանյալն օգտվելով իր վերջին խոսքի հնարավորությունից միացավ պաշտպանական ճառին՝ դատարանից խնդրելով՝ պատիժը պայմանականորեն չկիրառել:
«Խնդրում եմ հաշվի առեք նաև, որ ես նախկինում նման բան երբեք չեմ արել: Հասկացել եմ իմ սխալը ու փորձել ուղղել: Մինչև այժմ սրա մասին չեմ ասել, բայց կինս նաև առողջական խնդիրներ ունի՝ էպիլեպսիկ հիվանդ է: Տան միակ կերակրողը ես եմ»,- ասաց ամբաստանյալը:
 
Դատարանին ներկայացվեց նաև հիվանդությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ամբաստանյալի կինն այս պահին հակացնցումային թերապիա է անցնում:
 
Իրավաբան.net-ի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց, որ իրենք դատավճիռը պատրաստվում են բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
 
Արև Ավագյան
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել