Լիազորագրով մեքենան ուրիշի տիրապետությանը հանձնած վարորդները լուրջ խնդրի առջև են կանգնել

Տարիներ առաջ լիազորագրով մեքենաներն ուրիշի տիրապետությանը հանձնած վարորդներն այսօր խնդրի առջև են կանգնել: ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար Ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ է ուղարկում մեքենայի փաստացի տիրոջ հասցեով:

Այս խնդրով Իրավաբան.net-ին այսօր դիմել էին մի քանի վարորդներ: Նրանք նշեցին, որ ոչ մի կերպ չեն կարողանում գտնել լիազորագրով մեքենաներն ուրիշի տիրապետությանը հանձնած քաղաքացիներին, իսկ ՃՈ-ն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար արդեն երկու անգամ տուգանք է նշանակել:

«Խնդրին տեղյակ ենք: Հարցը բարձրացվել է: Նման վարորդների թիվը մեզ մոտ մի քանի տասնյակ հազարի է հասնում: Փաստորեն լիազորագիրն էլ միայն երեք տարի է գործում, դրանից հետո այն անվավեր է: Եթե հիմա ցանկանան էլ օրինական ձևով ձևակերպել առք ու վաճառքը, չկա գնորդը, մեքենան չկա»,- Իրավաբան.net-ին ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ մեքենան լիազորագրով ուրիշին հանձնած անձինք պետք է լիազորագրով Ճանապարհային ոստիկանության վարչական մաս գնան, դիմում գրեն` հայտնելով իրավիճակի մասին` անգամ եթե պահպանած լիազորագիր էլ չունեն:

Նշենք, ոչ եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տևել է ավելի, քան տասն օր: Ընդ որում տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100.000 ՀՀ դրամը:

 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել