«Գործնականում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում այս տեղեկատվական համակարգի արդյունավետությունը»․ Մարիաննա Ավագյան

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 12.1 գործողությամբ նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների՝ ներառյալ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում՝ հողի) նկատմամբ  իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում

Նման համակարգի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ քայլ է, որը դրական ազդեցություն կունենա մի շարք ուղղություններով: Նախ, այն կնպաստի բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը՝ ապահովելով նրանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը: Երկրորդ, կբարելավվի պետական մարմինների միջև փոխգործակցությունը և կմիասնականացվեն տարբեր գերատեսչություններում առկա տվյալները: Երրորդ, այն էական գործիք կհանդիսանա՝ հետագայում ռեստիտուցիայի և փոխհատուցման գործընթացների համար հիմքեր ստեղծելու նպատակով:

Սակայն գործնականում առկա են մի շարք խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում այս տեղեկատվական համակարգի արդյունավետությունը: Հիմնական մտահոգությունն այն է, որ Միգրացիայի և քաղաքացիության կողմից վարվող Արցախից տեղահանված անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված չեն բոլոր փաստացի բռնի տեղահանված անձինք: Սա նշանակում է, որ որոշակի խումբ քաղաքացիներ հնարավորություն չեն ունենա իրենց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ նոր համակարգի միջոցով:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ դեպքերում տեղեկատվական համակարգում չներառելու հիմք է հանդիսացել վարչական մարմնի կողմից ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտը: Այս խնդիրն առավել սրվում է, քանի որ այդպիսի ակտերի հետևանքով անձինք զրկվել են բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Իսկ հիմա, նոր համակարգի ներդրման պարագայում, կսահմանափակվեն նրանց հնարավորությունները՝ իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրանք պաշտպանելու առումով:

Այս իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ մի շարք հարցերում, մասնավորապես՝ այդ անձանց իրավական պաշտպանության մեխանիզմների հասանելիության, նրանց գույքային իրավունքների ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների տեսանկյունից: Հետևաբար, կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել առկա հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված անձանց ցանկը՝ բացառելով որևէ քաղաքացու անհիմն բացառումը:

Հարկ է նշել նաև, որ այս գործողությունը նախատեսված էր իրականացնել 2024 թվականի ընթացքում, սակայն մինչ օրս այն չի իրականացվել: Նման ժամկետային ուշացումները պարզապես ընթացակարգային խնդիր չեն, այլ առաջացնում են շղթայական բացասական հետևանքներ՝ խաթարելով բռնի տեղահանված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համակարգային մեխանիզմները։ Ռազմավարության 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ համակարգն անցել է վերջնական թեստավորման փուլը և բոլոր բաղադրիչներն մշակվել և շտկվել են՝ բացառությամբ Լեռնային Ղարաբաղի կադաստրի տվյալների:

Կադաստրային տվյալների բացակայությունը առանցքային խնդիր է, քանի որ առանց այդ տվյալների անհնար է լիարժեք պատկերացում կազմել Արցախից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների վերաբերյալ: Կադաստրային տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի՝ հետագայում հնարավոր փոխհատուցման մեխանիզմներ մշակելու և գույքային իրավունքների վերականգնման գործընթացներ նախաձեռնելու համար: Ավելին, կադաստրային տվյալների բացակայությունը սահմանափակում է տեղահանված անձանց՝ իրենց գույքային իրավունքները հիմնավորելու և պաշտպանելու հնարավորությունները միջազգային հարթակներում:

Սակայն տեղեկատվական համակարգի գործարկման համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտի ընդունում, որը կկանոնակարգի համակարգից օգտվելու ձևերը և իրավական ուժ կտա համակարգի միջոցով ստացված տեղեկանքներին ու փոխանցվող տվյալներին: Ներկայացված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ դեռևս այդպիսի իրավական ակտ չի մշակվել, որով կկանոնակարգվեր հարցը:

Այս իրավական բացը կարող է ազդել ինչպես համակարգի արդյունավետության, այնպես էլ տվյալների պաշտպանության և օրինականության վրա: Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունի այն, թե ով կարող է օգտագործել այդ տվյալները, ինչ նպատակով և ինչ երաշխիքներ կան դրանց ապօրինի օգտագործումը կանխելու համար:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ թեև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ համապարփակ տվյալների բազայի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է, այնուամենայնիվ, դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ: Նախ՝ ապահովել բոլոր իրապես բռնի տեղահանված անձանց ներառումը համակարգում, վերանայելով ոչ իրավաչափ վարչական ակտերը: Երկրորդ՝ արագացնել անհրաժեշտ իրավական հիմքերի մշակումը և ընդունումը: Եվ երրորդ՝ սահմանել հստակ մեխանիզմներ տվյալների պաշտպանության և դրանց նպատակային օգտագործման համար:

Միայն այս խնդիրների համակողմանի լուծման պարագայում կարող ենք ակնկալել, որ տվյալների բազան իսկապես կծառայի բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և կնպաստի նրանց կողմից կրած վնասների հատուցման հեռանկարին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։ Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել