«Առօրյայում լսել էի, որ հնարավոր է կաշառքով աշխատանքի ընդունվել».տուժողն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակեց Հայկ Վարդանյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արիստակես Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում: Մինչդեռ իրականում, մտադրություն չունենալով կատարել խոստացածը, նշված պատրվակով Արիստակես Քալաշյանից պահանջել և 2013թ. հունիսի 20-ին ստացել է 1.231.230 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ գումար:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց գործով տուժող Արիստակես Քալաշյանը:

Ըստ նրա՝ ինքը Հայկի մասին լսել է իր ծանոթներից մեկից. «Ես միշտ ուզել եմ պետական հիմնարկում աշխատել: Ես տաքսի եմ վարում: Իմ ուղևորներից մեկը՝ Գևորգը, մի անգամ խոսակցության ժամանակ ասեց, որ ինքը տենց ծանոթ ունի, որ փողով դասավորում է պետական տեղեր աշխատելու: Իմ ու ծանոթիս մեջ փողային խոսակցություն չի եղել: Ինքն ասաց, որ Հայկը ԿԳԲ-ի աշխատող ա ու սաղ ձևերը գիտի»:

Երբ հանդիպել է Հայկի հետ՝ քննարկել է մանրամասները: Ըստ տուժողի՝ երկու տեղի առաջարկ է եղել՝ կամ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում կամ էլ՝ օպերգծով տեղակալ: Վերջինի համար պահանջվել է բարձրագույն կրթություն, որը Արիստակես Քալաշյանը չի ունեցել:

Արդյունքում ընտրվել է առաջին տարբերակը. «Աշխատանքի ընդունելու համար ինձանից պահանջեց 3000 ԱՄՆ դոլար: Ասացի, որ միանգամից տալ չեմ կարող, քանի որ էդքան չունեմ: Կմտածեմ, թե ումից կարող եմ վերցնել ու կզանգեմ: Ասաց, որ պատրաստ լինես վճարելու գործդ մեկ շաբաթվա ընթացքում կլինի: Առօրյայում լսել էի, որ հնարավոր է կաշառքով աշխատանքի ընդունվել, բայց մեր խոսակցությունից մի քանի օր հետո մեջս մի տեսակ կասկած էր մտել, որ հնարավոր ա գումարով ԱԱԾ ընդունվել: Գնացի ԱԱԾ-ի Էրեբունու բաժին և հաղորդում ներկայացրի՝ հասկանալու համար նման բան հնարավոր է, թե՝ ոչ»,- պատմում է տուժողը:

Այնուհետև ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում պահանջած երեք հազար դոլարը հանձնել է ամբաստանյալ Հայկ Վարդանյանին. «Այդ 3000 դոլարն ինձ տվել է ԱԱԾ-ն: Զանգեցի Հայկին, ասեց որ ես Մարգարյան հիվանդանոցում եմ, եթե հարմար ա արի: Ես գնացի ինքը մեքենայով էր: Ինոմարկա էր, բայց չեմ հիշում ինչ մակնիշի: Նստեցի մեքենան, փողը չհաշվեց: Ասեց դիր բարդաչոկը»:

Տուժող Արիստակես Քալաշյանի  խոսքով՝ պետական հիմնարկում աշխատելու համար դիմել է նաև քրեակատարողական վարչություն: Սակայն այնտեղից նրան մերժել են զինվորական գրքույկ չունենալու պատճառով. «Ծառայել եմ մեկ տարի երկու ամիս: Հետո ծնողներս մահացել են ու ես ժամանակից շուտ զորացրվել եմ»:

Նշենք, որ  հիշյալ գործով կա 10-ը տուժող, որոնցից 2-ը Նեպալից են, յոթը Հնդկաստանի Հանրապետությունից և միայն մեկը՝ Արիստակես Քալաշյանը՝ ՀՀ-ից:

Այս իսկ պատճառով տուժողի հարցաքննությունից հետո դատարանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել՝ հաջորդ  նիստին գործով մյուս տուժողների ներկայությունն ապահովելու համար:

Դատավորը ներկայացրեց նաև Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի գրությունը, որտեղ այս պահին գտնվում է Հայկ Վարդանյանը, ըստ որի՝ ամբաստանյալն ունի ակնաբուժական հետազոտման կարիք, որը նշանակվել է Մալայան ակնաբուժական կլինիկայում:

Հաջորդ դատական նիսը նշանակվեց փետրվարի 14-ին:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել