Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց ՀՀ դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արմեն Դավթյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Այսօրվա դատական նիստին դատարանը լսեց վկաներ Նաիրա Խաչատրյանին, Արթուր Խաչատրյանին և Ազատյան Մարիաննային:
«Մի օր ամուսինս եկավ և ասաց, որ իր ծանոնթներից մեկը խնդրել է հաշվեհամար` գումար փոխանցելու համար: Գումարը վերցրել է ամուսինս, տվել ինձ, որ ես փոխանցեմ: Փոխանցումը կատարեցի, բայց մի որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ գումարի հետ կապված ինչ-որ խնդիր կա, պետք է գումարը հետ վերադարձնել»,- ասաց վկա Նաիրա Խաչատրյանը:
Նա դատարանին պատմեց, որ ինքը նախօրոք ոչ մի բանի մասին տեղյակ չի եղել, անգամ երբ առաջին անգամ իրեն կանչել են ԱԱԾ զարմացել է և չի հասկացել, թե ինչ է կատարվում: Միայն երկրորդ անգամ, երբ քննիչը մանրամասն ներկայացրել է եղելությունը` նոր հասկացել է:
Վկայի խոսքով` իրենից բավական երկար ժամանակ պահանջվեց այդ գործողությունը կատարելու համար. «Բանկում ինձ հարցնում էին, թե որտեղի՞ց եմ ստացել այդ գումարը, որպեսզի հետ փոխանցվի այն հաշվեհամարին, որից հանվել է, իսկ ես չգիտեի ինչ պատասխանեի: Այնուամենայնիվ մի որոշ ժամանակ անց գտան և ի վերջո հնարավոր եղավ գումարը հետ փոխանցել»:
Գործով մյուս վկան` Արթուր Խաչատրյանը, դատարանին հայտնեց, որ ամբաստանյալի հետ ծանոթ են եղել աշխատանքային բերումով և որպես կոլեգաներ, իրավական առումով, երբեմն օգնել են միմյանց. «Մի օր Արմենն ինձ զանգեց և ասաց, որ օգնության կարիք ունի. հաշվեհամար է հարկավոր, որ փող փոխանցվի: Ես ասացի, որ ինքս չունեմ, բայց կարող եմ կնոջս հաշվեհամարն ասել: Գումարը փոխանցվել է, ես հանել եմ այն և տվել Արմենին: Այնուհետև մի քանի օր անց ինձ խնդրեց, որ գումարը հետ փոխանցվի, քանի որ ինչ-որ թյուրիմացություն է եղել: Հաջորդ օրը միասին գնում ենք բանկ: Արմենը խնդրում է, որպեսզի դուրս գա և ծխի: Մինչ ինքը դրսում էր, մենք կատարեցինք փոխանցումը: Երբ դուրս եկանք նա մեզ շնորհակալություն հայտնեց և հեռացավ»:
Արթուր Խաչատրյանի պատմելով, երբ իրեն զանգել են և ասել, որ կինը` Նաիրա Խաչատրյանը, պետք է ներկայանա ԱԱԾ, քանի որ գումարի փոխանցման հետ կապված ինչ-որ խնդիր կա, միանգամից զանգում է Արմենին և խնդրում շտապ հանդիպել. «Երբ հանդիպում ենք, ասում եմ, որ կնոջս զանգել են և հրավիրել ԱԱԾ, ի՞նչ խնդիր կա: Ինքը ասում է ամեն ինչ կկարգավորվի: ԱԱԾ-ում, որ հարցնեն թող ասի, որ գումարի փոխանցումը պատահաբար է տեղի ունեցել»:
Գործով մյուս վկան Մարիաննա Ազատյանը աշխատում է Վճռաբեկ դատարանում և ամբաստանյալի հետ շփվել է միայն գործի բերումով. «Ինձ մոտ պահվում է որոշումների կնիքը, դատավորների օգնականները բերում են որոշումները, ես տալիս եմ իրենք կնիքում են որոշումները: Ես չգիտեմ ինչ են կնիքում, չեմ հետևում, վստահում եմ»:
Վկաների քննությունից հետո դատարանում հրապարակվեցին նաև իրեղեն ապացույներ համարվող փաստաթղթերը, որից հետո դատարանը լսեց գործով ամբաստանյալ Արթուր Դավթյանին:
Վերջինս ընդունեց իր մեղքը. «Ես եմ արել և արարքիս համար զղջացել եմ: Դրա համար ուզել եմ հետքերը վերացնելու համար հետ փոխանցել գումարը: Երբ հասկացա, որ սխալ եմ արել, գնացի «Պրոմեթեյ Բանկ»-ի վարչության նախագահի մոտ այն խնդրանքով, որ ինձ օգնի ճիշտ ճանապարհով ուղղել կատարածս սխալը»:
Իր ցուցմունքի ժամանակ նա հերքեց վկա Արթուր Խաչատրյանի այն ցուցմունքը, որ ինքը խնդրել է, որ կինը ԱԱԾ-ում ասի, որ գումարը փոխանցվել է պատահաբար:
Նա նաև նշեց, որ արարքը ինքը միայնակ է կատարել, ոչ ոք իրեն չի օգնել:
Տեղեկացնենք, որ ամբաստանյալ Արթուր Դավթյանը 1999 թվականից աշխատում է դատական համակարգում: 2001 թվականից Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական է, 2007 թվականից Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական: 2009 թվականից կրկին Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական: Մասնագիտացած է քաղաքացիական և վարչական գործերում: Նախկինում որևէ դատվածություն չի ունեցել:
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` Արմեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, ՀՀ վճռաբեկ դատարանում սստացված թիվ ԵՄԴ/1206/02/09 դատական գործի նյութերի ծանոթացման ընթացքում տեղեկացել է, որ 11.07.2012թ. թիվ 00001 վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5.154.484 ՀՀ դրամ և նպատակադրվել է խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը:
Արև Ավագյան