ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել փետրվար ամսին իրենց ստացած նվերները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի փետրվարի 24-ին Փաշինյանը ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ ստացել է Waldmann-Edelfeder ապրանքանիշի 2 գրիչ՝ 1 գնդիկավոր և 1 գրիչ-փետուր՝ Parlamentum Europaeum գրությամբ (925 հարգի արծաթ, ձեռագործ աշխատանք)։
Նվեր ստացողի կողմից դրա գնահատված արժեքը՝ 232 հազար 904 դրամ։
Օգտագործվել է ապրանքի կամ ծառայության համար արժեք սահմանող առաջնային աղբյուրը՝ (www.waldmannpen.com)
Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում ստացել է 2 հատ հուշանվեր գրիչ Edelfeder բրենդի։
Նվեր ստացողի կողմից դրա գնահատված արժեքը՝ 232 հազար 904 դրամ։
Ապրանքի արժեքի գնահատման համար ևս օգտագործվել է նույն աղբյուրը։
Iravaban.net-ը ավելի վաղ ներկայացրել է նաև 2024 թվականի ընթացքում պաշտոնատար այլ անձանց ներկայացրած նվերները, դրանց գների արժանահավատության վերաբերյալ ուսումնասիրություն կատարել։ Առավել մանրամասն՝ այստեղ։
Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը: