«Լավ գիտակցել եմ՝ ընտրակաշառքը քրեորեն անընդունելի բան ա»․ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանում 2 վկաներ հարցաքննվեցին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում փետրվարի 12-ին դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։

ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատարան էր հրավիրվել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Ըստ մեղադրանքի՝ վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի և առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել։ Այս վարույթով վերջինս ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցվել է։

Նախագահող դատավորն ասաց՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, Մանուկյանը կարող է օգտվել լռելու իր իրավունքից։

Դրա վերաբերյալ Մանուկյանը հետևյալ հայտարարությունն արեց․ «Ես նախկինում ոնց որ հիշատակեցիք, էս գործով եղել եմ մեղադրյալի կարգավիճակում, և քանի որ մտածում եմ՝ էսօրվա իմ ցուցմունք տալը կարող ա հետագայում օգտագործվի նաև իմ դեմ, օգտվելով իմ իրավունքից հրաժարվում եմ ցուցմունք տալուց, խնդրում եմ իմ հրաժարվելը իրավաչափ համարել»։

Հանրային մեղադրող Դավիթ Աղաջանյանն ասաց՝ Մանուկյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ և այդ պայմաններում ցուցմունք տալուց հրաժարվելն ու դա իրավաչափ համարելը իրավացի չէ։

Ըստ այդմ, դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, առկա նյութերի համաձայն՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար կաշառքներ են բաժանվել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, գումարը պատկանել է Գագիկ Ծառուկյանին, իսկ ֆինանսական գործառույթները կատարել է Մանուկյանը։

Քննիչի մոտ հարցաքննվելիս հայտնել է՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ճանաչել է 2011 թվականից, վերջինիս հետ 3 տարի է՝ ընդհանրապես ոչ մի կապ չունի, իսկ մյուս տարիներին ունեցել է գործնական հարաբերություններ։

Հարցին, թե կուսակցության անդամների կողմից դրամական կամ այլ միջոցների տեսքով հատուցում ստացել է, թե ոչ, պատասխանել է․ «Կուսակցության հարցերին ուղղված ծախս չեմ արել, անդամների կողմից որևէ  փոխհատուցում չեմ ստացել, ֆինանսական հարցերով չեմ զբաղվել, այդ իսկ պատճառով չեմ կարող հարցին պատասխանել։ Իմ առնչությունը կուսակցական հարցերին եղել է մասնագիտական-խորհրդատվական բնույթի»։

Նա նաև հայտնել է՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ կազմակերպչական աշխատանքները պետք է, որ համակարգված լիներ կուսակցության նախագահի, շտաբի պետերի, տարածքային պատասխանատուների կողմից, տեղյակ չէ՝ ով է այդ ամենով զբաղվել։

Ընտրակաշառքի բաժանման, այդ գումարի ծագման աղբյուրի հարցին ի պատասխան նա հայտնել է՝ այդ ընթացքում հանդիպել է կուսակցության տարբեր անդամների հետ, սակայն քաղաքացիներին ընտրակաշառք տրամադրելու մասին տեղեկատվությանը չի տիրապետում։

Քննության ընթացքում Վազգեն Պողոսյանին պատկանող ՍՊԸ-ի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ԲՀԿ պատգամավորների ընտրություններին 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվը և վճարված գումարները վերտառությամբ հաշվետվություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ փաստական տվյալներ, հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի մարզի նշված ընտրական տարածքում նախընտրական քարոզարշավների ժամանակ առկա հաշվետվությունները։

Վկան ցուցմունքով հայտնել է, որ չի բացառել, որ ինչ-որ մեկն իրեն փաթեթ հանձնած լինի որևէ մեկին փոխանցելու նպատակով, ինչն ինքը մերժած չլինի։ Նաև հրապարակվեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքը։

Ցուցմունքների հրապարակումից հետո Մանուկյանը կրկին մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց․ «Մի անգամ ասացի, չեմ պատասխանելու հարցերին»։

Դատարանում այս գործով հարցաքննվեց երկրորդ վկան՝ Ռուբիկ Մուրադյանը, ասաց՝ դպրոցում որպես մանկավարժ է աշխատում, նա այս գործով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, մեղադրվել կաշառք տալու համար, սակայն կրկին վաղեմության հիմքով վերջինիս նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։

Վկան հայտնեց՝ այժմ էլ ԲՀԿ անդամ է, մեղադրյալ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է, անձնական շփում չի ունեցել, հեռուստատեսությամբ է տեսել։

Դատարանի և դատախազի հարցերին ի պատասխան հայտնեց՝ այժմ ոչինչ չի հիշում, չգիտի՝ ցանկանում է արդյոք ցուցմունք տալ, թե ոչ․ «Ես ոչինչ չեմ հիշում, ի՞նչ ցուցմունք տամ։ Ինչ-որ հարցեր տաք, կարող եմ պատասխանել, բայց որ չեմ հիշում, չգիտեմ՝ ինչ ասեմ, ցուցմունք տամ, չտամ»։

Նա նշեց, որ քննիչի մոտ ցուցմունք տալիս կրկին հարցաքննվել է ընտրությունների, ընտրակաշառք տալու հետ կապված․ «Ես ինչքան, որ հիշում եմ, հարց են տվել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, ես նման հարցերին պատասխանել եմ՝ նման բան չի եղել, միայն եղել է այն, որ ես տվյալ տարածքի պատասխանատուն եմ եղել (Վերին Գետաշենի ընտրատեղամասում), բենզինի կամ էնտեղ շենք կա, որ վարձել, մնում էինք, տենց գումար են տվել, իսկ ընտրակաշառքի վերաբերյալ ոչ մի բան չի եղել, ես նույնիսկ հանձնաժողովի անդամ եմ եղել ու լավ գիտակցել եմ՝ ընտրակաշառքը քրեորեն անընդունելի բան ա»։

Վկան նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ լինելով այդ ընթացքում քաղաքացիներին բուկլետներ են բաժանել։

Հանրային մեղադրողի հարցերին ի պատասխան վկան նաև հայտնեց․ «Քննիչի մոտ ցուցմունք տալիս նույնիսկ ես էնքան լարված եմ եղել, չնայած հիմա էլ եմ լարված, ես լավ էլ չեմ լսում՝ ինչ եք ասում, էնքան լարված եմ»։

Այս գործով հաջորդ դատական նիստին հանրային մեղադրողը կհրապարակի վկայի նախաքննական ցուցմունքները։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել