Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 138-ը սահմանում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտում բեռների անվթարությունն ապահովելու կանոնները խախտելը։
Շարժակազմը, բեռնարկղերը և բեռներ փոխադրելու համար նախատեսված մյուս տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրական հարմարանքները վնասելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Բեռնատար վագոնների, ավտոմեքենաների, ավտոմեքենաների կցասայլերի, բեռնարկղերի և բեռների այլ զետեղարանների կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, բեռնաբակերի, երկաթուղային կայարանների, բեռնատար ավտոմեքենաների կայարանների, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը, ինչպես նաև առանց պատշաճ թույլտվության բեռնաբակերի, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և վերը նշված պահեստների տերիտորիայում գտնվելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով: