29 անշարժ գույք, այդ թվում՝ Բյուրականի հայտնի առանձնատունը․ դատախազը Աղվան Հովսեփյանի գործով ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին նիստը։

Նշենք, որ գործով մյուս պատասխանողներն են՝ Աստղիկ Հովսեփյանը, Նարեկ Հովսեփյանը, Միսակ Հովսեփյանը, Նորա Բարսեղյանը, Արմեն Հովսեփյանը, Մարինա Նուշիկյանը, Էդգար Նազարյանը,  Նառա Շահբազյանը, «Օմիռա» ՍՊԸ-ն։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման վարչության դատախազ Աննա Հարությունյանը ներկայացրեց հայցի հիմքը և առարկան։

Հայցում վերլուծության ենթարկելով Աղվան Հովսեփյանի քրեական գործն ու վկաների ցուցմունքները՝ իրավասու մարմինն ընդգծել է, որ Աղվան Հովսեփյանը, լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ, ձեռնարկատիրական գործունեության արգելքին հակառակ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ ինչպես անձամբ, այնպես էլ որդիների միջոցով փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացանող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը։ Նա իր պաշտոնական դիրքն օգտագործելով այդ ընկերություններին արտոնություններ և առավելություններ է տրամադրել, դրա արդյունքում ստացել է առանձնապես խոշոր չափերի գույք։

Վարշամ Ղարիբյանից որպես կաշառք պահանջել և նրանից ստացել է «Երևան» հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 %-ը՝ 199 միլիոն դրամ արժողությամբ, որի ծագման բնույթը թաքցնելու համար 2011 թ․ փետրվարի 14-ին կնքված նվիրատվության պայմանագրով բաժնետոմսերը գրանցել է որդու՝ Արմեն Հովսեփյանի անվամբ, իսկ հետագայում՝ 2014 թվականի մայիսի 6-ին վաճառելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը։

Դրանից բացի, նա 2017 թվականի ապրիլի 10-ին Վարշամ Ղարիբյանից խարդախության եղանակով հափշտակել է վերջինիս առանձնապես խոշոր չափերով 800 միլիոն դրամ արժողությամբ հողատարածքը, որի իրական բնույթը թաքցնելու նպատակով գրանցել է որդու՝ Արմեն Հովսեփյանի անունով՝ այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը։

Ըստ հայցի՝ ուսումնասիրությամբ ստացված տվյալները հավաստել են, որ Հովսեփյանի որդիները ձեռք են բերել անշարժ և շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություններ, որոնք չեն հիմնավորվել վերջիններիս օրինական եկամուտներով։

«2008 թվականին Նարեկ Հովսեփյանը ձեռք է բերել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի անշարժ գույքը, նա  նախ ձեռք է բերել թվով 2 անշարժ գույք Մանվել Ղարիբյանից, բացի այդ, նույն թվականին նա վճարել է 3 միլիոն 286 հազար դրամ՝ որպես հողամասի կադաստրային արժեք, ձեռք բերված տարածքներում կատարվել են կառուցապատման աշխատանքներ»,-ասաց Հարությունյանը։

  • Գույքի ձեռբերման համար վճարվել է 37 միլիոն 122 հազար դրամ, որից միայն 1 միլիոն 2 հազար դրամն է հիմնավորվել օրինական եկամուտներով, ձեռբերումն ապօրինի է եղել 97,7 %-ով։

Դատախազը նշեց նաև, որ 2008 թվականին Նարեկ Հովսեփյանը Մանվել Ղարիբյանից 9 միլիոն դրամով ձեռք է բերել Բյուրական համայնքում գտնվող վերոնշյալ անշարժ գույքերը, վճարել է 2 միլիոն 280 հազար դրամը, և հատկանշական է քրեական գործով վկա Գևորգ Արշակյանի ցուցմունքը, որը գործարքի կնքման ժամանակահատվածում  զբաղեցրել է ԳԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Արշավիր Սարգսյանը ևս իր ցուցմունքով հայտնել է՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ստացված գումարներով կառուցել է Աղվան Հովսեփյանին պատկանող Բյուրական համայնքում գտնվող առանձնատունը։

Հայցվորը նշեց․ «2015 թվականին Նարեկ Հովսեփյանը այս բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է Աստղիկ Հովսեփյանին, որպես օտարման արժեք նշվել է 90 միլիոն դրամը, իրավասու մարմինը եզրակացրել է, որ գույքի իրական շահառուն շարունակել է հանդիսանալ Աղվան Հովսեփյանը»։

Աղվան Հովսեփյանն այս գույքի իրական բնույթը թաքցնելու համար հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի կնոջ՝ Հասմիկ Հովսեփյանի անվամբ։

  • 100 %-ով ապօրինի է դիտարկվել նաև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը։
  • Արաբկիր Ազատության պողոտայում գտնվող անշարժ գույքի 65,68 %-ը․ 2008 թվականին Միսակ Հովսեփյանը 6 միլիոն 250 հազար դրամով ձեռք է բերել այդ գույքը, վճարված գումարից 4 միլիոն 105 հազար դրամը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։
  • Միսակ Հովսեփյանին պատկանող «Օմիռա» ընկերությունը, որը հիմնադրվել է 2010 թվականին Չեխիայի Հանրապետությունում։

Ըստ իրավասու մարմնի՝ Նարեկ Հովսեփյանը աճուրդներով ձեռք է բերել հողամասեր, որոնք ևս ապօրինի են դիտարկվել․

«Աճուրդների ժամանակահատվածում համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Ավագյանը ցուցմունքեր է տվել այն մասին, որ այդ հողատարածքները սեփականության իրավունքով փաստացի Աղվան Հովսեփյանին են փոխանցվել աճուրդների կազմակերպման միջոցով։ Աճուրդների մասնակիցներին որոշել է Աղվան Հովսեփյանը, բոլոր աճուրդներին մասնակցել են վերջինիս տան պահակները, Հրաչյա Ավագյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում Աղվան Հովսեփյանը զբաղեցրել է Գլխավոր դատախազի պաշտոնը, և վերջինիս դեմ գնալը կարող է ճակատագրական լինել»,-նշեց դատախազը։

Ընդհանուր առմամբ ապօրինի է դիտարկվել Հովսեփյաններիին պատկանող․

  1. 29 անշարժ գույք,
  2. 9 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  3. նաև ավելի քան 2,5 միլիարդ դրամ։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել