Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին որպես վկա հարցաքննվեց Մարինե Մելոյանը։ Նա հայտնեց՝ «Երևան» հեռուստաընկերությունում աշխատել է այն պահից, երբ իր ամուսինը՝ Վարշամ Ղարիբյանը, գնել է այն, նաև պարբերաբար ներդրումներ է կատարել։ Վկան հայտնեց՝ 1999 թվականից աշխատել է այնտեղ, սկզբում որպես հաղորդավար, հետո լուրերի բաժնում, այնուհետև՝ որպես փոխտնօրեն։
Դատախազ Կորյուն Սերոբյանի հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ իր ամուսինը՝ Վարշամ Ղարիբյանը, այդ հեռուստաընկերության սեփականատեր է դարձել 1999 թվականից։
– Ե՞րբ եք դարձել փոխտնօրեն։
– Երևի 2009 թվականից։
– Ընկերությունն ի՞ նչ գործունեություն էր ծավալում, լիցենզիա ուներ-չուներ։
– «Երևան» հեռուստաընկերությունը հանդիսացել է քաղաքային ընկերություն, ունեցել է լրատվական ծարգիր, համագործակցել է քաղաքապետարանի հետ, և ինչպես բոլոր հեռուստաընկերությունները, լուսաբանել է երկրում իրադարձությունների տարբեր ոլորտներում՝ նախագահական, կառավարական, բնականաբար, հեռուստաընկերությունը ունեցել է 60-ից ավել աշխատողներ, պարբերաբար ֆինանսական բացակայություններ, եթե եղել են հեռուստաընկերության հիմնադիրն իր անձնական բյուջեից միշտ լրացրել է, որպեսզի աշխատողները երբևէ չունենան որևէ խնդիր՝ աշխատավարձ չստանալու։ Տարեկան 1 անգամ կամ 2 տարին մեկ համալրվել է հեռուստաընկերությունը նոր տեխնիկայով, որը գնվել է սեփականատիրոջ միջոցներով։ Լիցենզիան, եթե չեմ սխալվում առաջին անգամ ստացել է 2003-ին, մյուսը տեղի է ունեցել երևի 2010-ին, 2011-ին։
– 2011 թվականին կհիշե՞ք ամսաթիվը։
– Կդժվարանամ։
– Իսկ Դուք լիցենզիան ձեռք բերելու որևէ միջոցառում ձեռնարկե՞լ եք, ինչ-որ գործունեություն այդ ուղղությամբ ծավալե՞լ եք։
– Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է մրցույթ՝ լիցենզիա ստանալու համար, և բոլոր հեռուստաընկերությունները պարտավոր էին ներկայացնել ծրագիր։ Կազմել ենք ծրագիր, վճարել է Վարշամ Ղարիբյանը, եթե չեմ սխալվում մոտ 10 միլիոն դրամ էր կազմում լիցենզիային մասնակցելու գումարը։
Հեռուստաընկերությունը վաճառելուց հետո իմացել է (2014 թվականին), որ 50%-ը պատկանել է այլ անձի․ «Երբ հեռուստաընկերությունը վաճառվեց, ու ես տեսա՝ գումարի ընդամենը մի մասն էր փոխանցվել Վարշամ Ղարիբյանին, այդ ժամանակ ինձ մոտ ահավոր շոկ էր, հետագայում խոսակցություն եղավ ու Վարշամ Ղարիբյանն ինձ ասաց, որ դա եղել է այն պատճառով, որ ինքը ստիպված է եղել գրանցել 50%-ը Արմեն Հովսեփյանի անունով՝ լիցենզիա ստանալու դիմաց»։
Վկան նշեց, որ անձամբ չի ճանաչել Արմեն Հովսեփյանին, հեռուստաընկերության հետ կապված էլ նա բացարձակ ոչ մի կապ չի ունեցել. «Ես կարծում եմ՝ նույնիսկ հեռուստաընկերության տեղն էլ չի իմացել, չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է դա ստացվել, բացարձակ ոչ մի անգամ, ոչ մի ներդրում, ոչ մի մասնակցություն հեռուստաընկերության գործերում տվյալ անձնավորությունը չի ունեցել»։
Դատախազ Կորյուն Սերոբյանը հետաքրքրվեց նաև, թե 2014 թվականին հեռուստաընկերության վաճառքի ժամանակ կոնկրետ ինչն է վաճառվել, վկան ասաց՝ հեռարձակման թույլտվությունը և լիցենզիան։
– Իսկ լիցենզիա ստանալը խնդի՞ր էր, որ դրա դիմաց էր հեռուստաընկերության 50%-ը տրվել։
– Այն ժամանակ մի քանի հեռուստաընկերություններ էին հավակնում, չգիտեմ, մենք գրել էինք ծրագիր։ Ներկայացրել ենք, հանձնաժողովն ինքն է որոշել՝ ում պետք է տրամադրի լիցենզիան։
– Այ էդ հանձնաժողովի որոշման կայացմանը որևէ կերպ արդյո՞ք Արմեն Հովսեփյանը մասնակցություն է ունեցել։
– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։
– Իսկ կարո՞ղ ա այլ դրդապատճառ լինի, ուղղակի Ձեր ամուսինը ասած չլինի։
– Միգուցե, չգիտեմ, իրեն հարցրեք։
– Օտարումից որքա՞ն գումար, եկամուտ ստացվեց, կհիշե՞ք, ու արդյո՞ք օտարումից նաև Արմեն Հովսեփյանին է գումար փոխանցվել։
– Այո՛, հավասարաբար, 50%-ը փոխանցվել է Արմեն Հովսեփյանի հաշվին, իսկ մյուսը մասը՝ Վարշամ Ղարիբյանին։
– Արմեն Հովսեփյանը 50%-ի չափով երբևէ ներդրում կատարե՞լ է։
– Երբեք։
Վկան նաև հայտնեց, որ Աղվան Հովսեփյանը երբևէ հեռուստաընկերության գործունեությամբ չի զբաղվել, նրան այնտեղ չի տեսել։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վկային հարցրեց, թե վերջինիս ամուսինը՝ Վարշամ Ղարիբյանը, իր աշխատանքների հետ կապված կիսվել է, թե ոչ, վկան ասաց՝ շատ հազվադեպ։
Հարցին, թե ամուսնուց հետաքրքրվել է արդյոք՝ ինչն է եղել պատճառը 50% բաժնեմասը Արմեն Հովսեփյանին տալու, վկան հետևյալ կերպ պատասխանեց․ «Փորձել եմ, ասեցի՝ ո՞ր արժանիքների համար, Արմեն Հովսեփյանը նույնիսկ 1 լումա ներդրում չի ունեցել հեռուստաընկերության մեջ, ինչո՞ւ նա պետք է 50 % բաժին ունենա, ինքը ինձ պատասխանեց՝ դա տվել եմ լիցենզիան ստանալու համար»։
Նախագահող դատավոր Տիգրան Դավթյանը վկային հարցրեց, թե երբևէ իմացել է, որ իր ամուսինը 50 %-ը փոխանցել է Արմեն Հովսեփյանին՝ որպես կաշառք, որ Աղվան Հովսեփյանը օժանդակություն ցուցաբերի, վկան կրկին նշեց՝ այդ ամենի վերաբերյալ իրեն հայտնի տեղեկությունները սահմանափակվում են ամուսնու տված պատասխանով։
Աղվան Հովսեփյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանը վկային հարցրեց՝ հեռուստաընկերությունն իր ամուսնուն պատկանող այլ ընկերությունների գովազդով զբաղվել է, թե ոչ, վկան ասաց՝ այո, պայմանագրի համաձայն նրանք վճարել են գովազդի համար։
– Որպես փոխտնօրեն, ընկերության փաստաթղթերի հետ առնչվե՞լ եք։
– Փաստաղթղթերի, հաշվապահական, մուտքեր, ելքեր և այլն։
– Այ ասում եք Շաբազյանը, որը որ տնօրենն էր 2009 թվականից, ինքը մեծ հաշվով տնօրեն չէր, բա ո՞վ էր տնօրենը փաստացի։
– Ալբերտ Շաբազյանն էր։
– Ինքը փաստաթղթով էր, բայց հիմա ասում եք՝ ինքը չէր զբաղվում, փոխարենը Դուք էիք զբաղվում։
– Այո, ես էի զբաղվում, հաշվապահական խնդիրներով հաշվապահն էր զբաղվում։
– Տիկի՛ն Մելոյան, 2011-2014 թթ․զբաղվելով փաստաթղթային գործերով, երբևէ չե՞ք տեսել՝ էս փաստաթղթում 50 %-ը պատկանում է Արմեն Հովսեփյանին։
– Ո՛չ, դրա համար էլ անակնկալի եկա, երբ իմացա դրա մասին։ Չեմ տեսել։
Այս պահին նախկին Գլխավոր դատախազի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է։