Iravaban.net-ի զրուցակիցը հոգեբան Մարիամ Հերգնյանն է։ Զրուցել ենք հետծննդաբերական դեպրեսիայի, մանկաբարձական բռնության, երեխա պլանավորող կանանց անհանգստացնող այլ խնդիրների մասին։
-Կխնդրեմ նշել՝ ինչպես է արտահայտվում հետծննդաբերական դեպրեսիան կանանց մոտ, և որ դեպքերում կարելի է հասկանալ, որ կնոջ մոտ իրոք դեպրեսիա է սկսվել։
-Ժամանակակից աշխարհում տխրությունը, մելանխոլիկ վիճակները շատ հաճախ ասոցացվում են դեպրեսիայի հետ, բայց դեպրեսիան ունի հատուկ կրետերիաներ, որոնցով դրսևորվում է․ կամային վարքի խանգարումներ, կասեցվում է լայն մտածողության շերտը և, բնականաբար, բոլորիս շատ հայտնի տրամադրության անկումը, փոփոխությունները։
Եթե վերցնենք հետծննդաբերական դեպրեսիան, խոսքը գնում է ոչ միայն զուտ հոգեբանական, հոգեբուժական խնդրի, այլև՝ ֆիզիոլոգիական դրսևորումների մասին։
Շատ հաճախ ընտանիքի անդամները, հարազատները, նաև ինքը՝ կինը չի գիտակցում դեպրեսիա ունենալու փաստը, նաև թյուր կարծիք կա, որ «բա ո՞նց մենք էսքան տարիներ ծննդաբերել ենք, չենք ընկել դեպրեսիայի մեջ, հենց ձեր ժամանակ եկավ դեպրեսիան»։
Դեպրեսիան դեռևս հին ժամանակներից հայտնի է, անունը չեն տվել որպես այդպիսին, բայց երևույթը եղել է։
-Լինում են դեպքեր, երբ կնոջ ծննդաբերությունից հետո դեպրեսիա առաջանում է նաև տղամարդկանց մոտ, կմանրամասնե՞ք։
-Ունեինք դեպք, երբ հայրն էր երեխայի ծնվելուց հետո տագնապի մեջ, որ հնարավոր է՝ չկարողանա պահել իր ընտանիքը, չկարողանա ապահովել նրանց ամեն ինչով, կամ իրեն ինչ-որ բան պատահելու դեպքում ի՞նչ կանի ընտանիքը։ Պատասխանատվության գերզգացումը շատ հաճախ վերածվում է տագնապային դրսևորումների, որը նաև կնոջ մոտ է լինում։
-Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կա «մանկաբարձական բռնություն» ձևակերպումը, երբ կանայք ենթարկվում են բռնության, նվաստացման, իրենց հետ չհամաձայնեցված բժշկական ընթացակարգերի և այլն։ Ծանո՞թ եք այդ ձևակերպմանը, և նման դրսևորումների հանդիպած կանայք հաճա՞խ են այցելում հոգեբանի։
-Բնականաբար, խոսքը ամբողջ բժշկության մասին է, որովհետև շատ հաճախ բժշկական օգնությունը մի տեսակ անցնում է սահմանները՝ մարդու անօտարելի իրավունքների սահմանները։ Ես կարծում եմ, որ խնդիրը ի հայտ է գալիս դեռևս հղիության փուլում, բնականոն ծննդաբերությունը ընթանում է ուղիղ ձևով փոխկապակցված՝ բժիշկ և ծննդաբերող կին։ Եթե չկա բժշկի հանդեպ վստահություն, առաջին խնդիրը սկսվում է այստեղից։
Շատ են եղել դեպքեր, որ բժիշկներից բողոքել են, ասելով, որ շատ կոպիտ է եղել վերաբերմունքը, քաշքշել են, ստիպել են ինչ-որ բաներ։ Ավելի շատ հանդիպում են դեպքեր, երբ ծննդաբերող կինը անուշադրության է մատնված լինում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Անտոնյան