ՀՔԾ-ի հաղորդագրությունն ու Կարեն Շահբազյանի այցն Արդարադատության նախարարություն. լուսանկարներ

Լոռու մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանն այսօր Արդարադատության նախարարությունում է եղել:

Իրավաբան.net-ը Կարեն Շահբազյանից փորձեց պարզել, թե արդյոք նրա այցն Արդարադատության նախարարություն ուղիղ կապ ունի Հատուկ քննչական ծառայության այսօր տարածած հաղորդագրության հետ:

«Ես Արդարադատության նախարարությունում չեմ եղել: Ով որ տեսել է, երևի շփոթել է»,-Իրավաբան.net-ին ասաց Կարեն Շահբազյանը:

Հակառակ նրա խոսքին` Իրավաբան.net-ի այսօր` Արդարադատության նախարարության տարածքում արված լուսանկարներն այլ բան են ասում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել համաձայն որի` ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման` ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Մ. Ղ.-ն 2010 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ` ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց:

Նույն ժամանակահատվածում արտասահմանում մշտապես բնակվող մայրը` Ն. Ղ.-ն, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին է ուղարկել խոշոր չափի գումար` իրեն դատապարտյալների հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ ուղարկելու համար:

Բացի այդ, Ն. Ղ.-ն «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալին փուլ-փուլ գումար է ուղարկել, իսկ քրոջ ամուսինը 2010 թվականին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով իր պատիժը կրելու ընթացքում, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալին է տվել որոշակի գումար` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու համար:

Բացի դրանից, քույրը` Ռ. Ա.-ն, իր համար «Վանաձոր» ՔԿՀ-ում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով հիշյալ ՔԿՀ պետի տեղակալին տվել է գումար, և այլ ապրանքներ:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան` դատախազությունը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել