Մինչև Քրեական դատավարության նոր օրենսգիրքն Ազգային ժողովում է, Արդարադատության նախարարությունն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) օրինագծի վերաբերյալ կազմակերպել էին կլոր սեղան քննարկում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կարծիքով նման քննարկումները երբեք ուշ չենք, քանի որ միտված են ավելի լավ Քրեական դատավարության օրենսգիրք ունենալուն:
Նախարարը օրինագծում հիմնական փոփոխություններից մեկն է համարում անձի նկատմամբ խափանման միջոցների տեսակների ավելացման հարցը, օրինակ՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը մինչև այս չեն եղել:
«Այս փոփոխությամբ առաջիկա տարիներին էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները և միայն խիստ անհրաժեշտության դեպքում կկիրառվի կալանքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա կարծիքով՝ կարևոր է նաև այն հարցը, որ միայն ինքնախոստովանական ցուցմունքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, եթե դա չհիմնավորվի այլ ապացույցներով:
Քրեական դատավարության նոր օրենսգրքով, նախարարի փոխանցմամբ, էականորեն բարձրացվելու է դատարանի դերը. «Տվյալ արարքի վերաբերյալ քրեաիրավական որակման իրավասություն կվերապահվի դատարանին»,- նշեց Հրայր Թովմասյանը:
Այս պահի դրությամբ միայն ցուցմունքների դեպոնացման հետ կապված հակասական կարծիքներ կան:
Քննարկման ժամանակ Քրեական դատավարության օրենսգրքի աշխատանքային խմբի անդամները մանրամասն անդրադարձան օրինագծով առաջարկվող փոփոխություններին:
Նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման վրա մասնագետներն աշխատել են ավելի քան 3 տարի: Այդ գործում մեծ դեր են ունեցել ամերիկացի և գերմանացի մասնագետները:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի մասին կարծիք հայտնեց նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանՋոն Հեֆերնը:
Մանրամասները՝ տեսանյութում: