Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ներկայացված՝ «Մուսեյանն ընդդեմ Հայաստանի» գործի վերաբերյալ որոշումը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դիմումատուն՝ Լիդիա Մուսեյանը, Հայաստանի քաղաքացի է, ծնվել է 1971 թվականին և ապրում է Երևանում:
Նշվում է, որ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին դիմումատուն ԱՄՆ-ում 14,800 դոլարով գնել է ավտոմեքենա և ուղարկել Հայաստան։
2011 թվականի հունվարի 19-ին մեքենան հասել է ՀՀ։ Դիմումատուն պնդել է, որ նույն օրը մաքսատանն իր ներկայացուցչին զգուշացրել են, որ եթե մաքսային հայտարարագիր չներկայացվի, և 10 օրվա ընթացքում մեքենան չմաքսազերծվի՝ Մաքսային օրենսգրքով կարող է առաջանալ պատասխանատվություն։
Նույն տարվա հունվարի 20-ին և 21-ին դիմումատուն հարցումներ է ուղարկել ՊԵԿ՝ նշված տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման կարգը սահմանող կանոններ ներկայացրած մարմնի անվանման և նման կանոններ պարունակող օրենքի մասին:
Հունվարի 25-ին դիմումատուն Կոմիտեին է ուղարկել մեկ այլ գրություն՝ պնդելով, որ ինքը չուներ պարտավորություններ մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի վճարման հետ կապված, քանի դեռ չկար պաշտոնապես հրապարակված մաքսային հայտարարագիր ներկայացնելու կարգ, որը կկիրառվեր ֆիզիկական անձանց նկատմամբ։
Նրա համար անհնար էր մեքենան գրանցել ՃՈ-ում, քանի որ չէր կարողացել նրանց տրամադրել մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիր։ Դրա ներկայացման տասնօրյա ժամկետից հետո՝ հունվարի 29-ին, նա ենթարկվել է քրեական պատասխանատվության, և մեքենան առգրավվել է։ Նա խնդրել է ՊԵԿ-ին տրամադրել իրեն այն ամենն, ինչ անհրաժեշտ կլինի, որպեսզի մինչ այդ օրն ավտոմեքենան գրանցվեր ՃՈ-ում։
Հունվարի 27-ին և 31-ին կոմիտեն պատասխանել է դիմումատուի գրություններին՝ նշելով, որ նշված կարգը սահմանվել է Մաքսային վարչության 1998 թվականի հունիսի 12-ի հրամանով։
Հունվարի 31-ին Լիդիա Մուսեյանի կողմից ներգրավված մաքսային բրոքերային ընկերությունը դիմումատուի անունից կոմիտե է ներկայացրել մաքսային հայտարարագիր՝ նշելով նրա ավտոմեքենայի մաքսային արժեքը՝ 14,800 դոլար։ Ըստ դիմումատուի՝ մաքսային ծառայողը մաքսային հայտարարագրի վրա ձեռագիր գրել է «17․020», այս թիվը եղել է մեքենայի մաքսային արժեքը ԱՄՆ դոլարով, որը սահմանվել է այդ ծառայողի կողմից։
Պարզվել է, որ մաքսային բրոքերային ընկերությունն այնուհետև կրկին ներկայացրել է մաքսային հայտարարագիրը՝ որպես մեքենայի մաքսային արժեք նշելով մաքսային ծառայողի կողմից հայտարարագրի բնօրինակի վրա գրված թիվը։ Նորից ներկայացված հայտարարագրի հիման վրա դիմումատուն վճարել է 1,356,454 դրամ ԱԱՀ և 616,570 դրամ մաքսատուրք։ Նույն օրը Կոմիտեն դիմումատուին տվել է վկայական, որով հաստատվում է, որ նա վճարել է իր ավտոմեքենայի համար անհրաժեշտ բոլոր վճարները։
Դիմումատուի կողմից հարուցված վարույթը
Վարչական դատարանում
2011 թվականի ապրիլի 21-ին Լիդիա Մուսեյանը Վարչական դատարանում կոմիտեի դեմ վարույթ է հարուցել՝ պնդելով, որ իր գույքին վերաբերող հարցերին միջամտությունն օրենքով նախատեսված չի եղել։
Նույն թվականի նոյեմբերի 9-ին Վարչական դատարանը մերժել է դիմումատուի պահանջը։
Դատարանը վճռել է, որ օրենքով բոլորից պահանջվում է վճարել մաքսատուրքեր՝ այդ թվում մաքսատուրքերը և ԱԱՀ-ն՝ ապրանքները «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով Հայաստան ներմուծելիս, և որ այդ պարտավորությունը կատարելու պահանջը կախված չի եղել վարչական մարմնի գործողություններից։ Դատարանը մերժել է դիմումատուի այն փատարկը, որ նա պարտավոր չէր մաքսային հայտարարագիր ներկայացնել և իրավունք ուներ առանց դրա ստանալու իր ավտոմեքենան գրանցելու համար անհրաժեշտ վկայականը։
Վարույթը վերաքննիչ դատարանում
2011 թվականի դեկտեմբերի 8-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան։ 2012 թվականի մարտի 20-ին դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և քննող դատարանի որոշումը թողել է անփոփոխ։
Դիմումատուի այն փաստարկին, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ նա ենթադրաբար ստիպված է եղել վճարել ավելորդ մաքսատուրքեր, Վերաքննիչ վարչական դատարանը նշել է, որ այս հարցը ենթակա չէ դատարանների կողմից քննության, քանի որ դիմումատուն վիճարկել է մաքսային հայտարարագիր ներկայացնելու նրա պարտավորության օրինականությունը և կասկածի տակ չի դրել մաքսային արժեքի օրինականությունը կամ դրա որոշման եղանակը։
Վարույթը Վճռաբեկ դատարանում
2012 թվականի ապրիլի 19-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ Հունիսի 6-ին դատարանը վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը
Դատարանը նշել է՝ համաձայն չէ դիմումատուի հետ, որ միջամտությունն օրինական չի եղել։ Նշվում է, որ ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքեր և ԱԱՀ վճարելու պահանջը հստակորեն սահմանվել է օրենքով։
Դատարանը միաձայն գանգատը ճանաչել է անընդունելի։
Մարիամ Անտոնյան