Լրագրողին տեղեկություններ բացահայտելու համար Իշխան Աղաջանյանին հեռացրել են աշխատանքից․ գործի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն ուժի մեջ է մտել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Աղաջանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է հրապարակել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործը վերաբերում է դիմումատուի՝ (Իշխան Աղաջանյանի) աշխատանքից ազատմանը մասնավոր գործարանից այն հիմքով, որ նա լրագրողի հետ անցկացվող հարցազրույցի ժամանակ իր գործատուի վերաբերյալ գաղտնի տեղեկություն է բացահայտել: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա (Արտահայտվելու ազատություն)։

Նշվում է, որ սկսած 2003 թվականից դիմումատուն աշխատել է որպես ավագ հետազոտող «Նաիրիտ» գործարանում, որն արտադրում էր տարատեսակ քիմիական արտադրանք: Գործարանի նկատմամբ սեփականության իրավունքը բաժանված էր մասնավոր ընկերության (որին պատկանում էր բաժնեմասի 90%-ը) և Կառավարության (որին պատկանում էր 10%-ը) միջև:

Համաձայն 2007 թվականի հուլիսի 9-ին գործարանի կողմից տրված հրամանի՝ աշխատողների աշխատավարձի չափը համարվում էր էական առևտրային գաղտնիք: Յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային պայմանագրում պետք է ավելացվեր հատուկ կետ, որը վերաբերում էր աշխատավարձի չափի վերաբերյալ գաղտնիության պահպանման պարտականությանը:

2010 թվականի ապրիլի 22-ին տեղական թերթերից մեկում հրատարակվել է հոդված, որտեղ ներկայացված է եղել դիմումատուի հետ անցկացված հարցազրույցը, որտեղ նա քննարկել է գործարանի գործունեության հետ կապված որոշ թերություններ:

2010 թվականի մայիսի 19-ին գործարանի գործադիր տնօրենը դիմումատուին ազատել է աշխատանքից՝ առանց այդ մասին ծանուցելու: Իր որոշման մեջ տնօրենը նշել է, որ 2010 թվականի ապրիլի 22-ին դիմումատուի անհիմն պնդումների հիման վրա թերթում գործարանի վերաբերյալ հոդված է հրատարակվել:

Մասնավորապես դիմումատուն կեղծ տեղեկատվություն է տարածել գիտական աշխատանքների և փորձարկումների, ինչպես նաև գործարանի աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ՝ այդպիսով խախտելով Աշխատանքային օրենսգրքի մի քանի հոդվածներ։ Տնօրենը եզրահանգել է, որ դա բավարար էր, որ գործարանը կորցներ վստահությունը դիմումատուի նկատմամբ՝ որպես աշխատողի, և այդ հիմքով դադարացներ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Ըստ ՄԻԵԴ-ի՝ դիմումատուն աշխատանքից ազատումը վիճարկել է քաղաքացիական դատարաններում, ու, թիվս այլնի, պնդել է, որ աշխատանքից ազատման մասին հրամանն անօրինական է եղել, քանի որ այնտեղ նշված չի եղել, թե ինքն Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետն է խախտել: Բացի այդ, նրան երբևէ չեն տեղեկացրել գործարանին առնչվող պետական, մասնագիտական կամ առևտրային գաղտնիքներ հասկացությունների սահմանումների մասին:

Դատարանից դիմումատուն պահանջել է 15 հազար 970 եվրո նյութական վնասի համար, որը կազմում էր նրա աշխատավարձը՝ սկսած աշխատանքից ազատվելու ամսաթվից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը՝ կենսաթոշակային տարիքը լրանալը, և 10 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար:

Նշենք, որ Կառավարությունը վիճարկել է այս պահանջները, իսկ ՄԻԵԴ-ի հրապարակած վճռում ընդգծվել է՝ դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար մերժում է նշված պահանջը։ Միևնույն ժամանակ իր գնահատումն իրականացնելով արդարության սկզբունքի հիման վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհել է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:

Գանգատն ընդունելի է համարվել, ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) խախտում, և, ըստ այդմ, որոշել՝

ա) պատասխանող պետությունը վճիռը վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

  1. i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո), գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը ենթակա է վճարման դիմումատուին,
  2. ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 600 եվրո (հազար վեց հարյուր եվրո), գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը ենթակա է փոխանցման «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Դատարանը մերժել է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնել հունվարի 8-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել