Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Արամ Վարդևանյանը։
«Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում Դատախազության կողմից: Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է: Զարմանալիորեն Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ:
Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը բնականբար չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը»,-նշել է նա:
Նշենք, որ Դատախազությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ: