Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում եւ փոխադարձության հիման վրա, ինչպես նաեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
Նիկոլ Փաշինյանըն Իրակլի Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։
Փոխադարձաբար համաձայնվել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար։