Հակակոռուպցիոն դատարանում երեկ՝ սեպտեմբերի 11-ին, շարունակվեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով նիստը, որը նախագահում է դատավոր Մերի Մոսինյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավորը հայտնեց, որ նախորդ նիստով քննարկվել է ուղիղ հեռարձակման և տեսանկարահանման հարցը, մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանն առարկել է, ըստ այդմ, թույլատրվեց միայն լուսանկարահանել։
Դատարան էր ներկայացել տուժողի լիազոր ներկայացուցիչ Մուրադ Մուրադյանը։ Դատավորը պարզաբանեց, որ այս նիստին կանդրադառնա նաև վերջինիս կողմից գույքային հայց ներկայացնելու հարցին։
Նշենք, որ նախորդ դատական նիստին քննարկվել էր հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սահմանելու հարցը, դատախազը ներկայացրել էր մեղադրանքի կողմի ապացույցները։
Աշոտ Հովհաննիսյան պաշտպան Գոռ Օհանյանն առաջարկեց հետազոտել իր կողմից նշված հատորներում առկա փաստաթղթերը։
Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը ևս ներկայացրեց այն ապացույցները, որոնք ենթակա են հետազոտման։
Այդ փաստաթղթերում առկա էին ԱԱԾ համապատասխան աշխատակցի կողմից ներկայացված տեղեկագիրը, որով սկսվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումները, միջնորդություններ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, դատարանի որոշումները, ՕՀՄ-ների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և այլ փաստաթղթեր։
Դատախազ Գևորգ Սարգսյանը պաշտպանների կողմից ներկայացված հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ ասաց, որ գլխավոր դատախազի հանձնարարությունները փաստացի որևէ ապացուցողական նշանակություն չեն կարող ունենալ, նշված որոշումների հետ կապված պաշտպանները դատական կարգով նույնիսկ բողոքարկել են, և այս որոշումների իրավաչափության հետ կապված դատարանի կողմից որևէ նկատառում չի եղել։
«Երբ մեղադրանքի կողմը ներկայացնում է իր ապացույցները, նշում է, թե դրանցով ինչ է հաստատվում, էս դեպքում պաշտպանության կողմը չնշեց, թե էդ փաստաթղթերի հետազոտության արդյունքում մեղադրանքի հետ կապված ի՞նչ է հաստատվելու կամ հերքվելու, որպեսզի մեզ համար ևս հասկանալի լինի»,-ասաց դատախազը։
Աշոտ Հովհաննիսյանի պաշտպան Գոռ Օհանյանն ի պատասխան դատախազի՝ ասաց, որ գլխավոր դատախազի որոշումն իր կողմից չի բողոքարկվել, նաև նշեց, որ դա ևս ապացույցի տեսակ է, քանի որ ապացույցի տեսակ է համարվում նաւ ապացուցողական վարույթային այլ գործողությունները․ «Մեր պատճառաբանությունն այս որոշումների վերաբերյալ այն է, որ գլխավոր դատախազն իր հանձնարարությամբ խախտել է քննչական ենթակայության կանոնը, որը նախատեսված է եղել այդ պահին գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի համապատասխան մասով»։
Պաշտպանն ընդգծեց՝ պարզ չէ, թե խախտումն ինչպես է դրևսորվել և ինչպիսի ազդեցություն է ունեցել վարույթի այլ մասնակիցների վրա, և միջնորդության էությունն այն է, որ չխախտվի նախնական դատալսումների իմաստը, այն հետագայում հետազոտվի՝ պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռելով ապացույցների վիճարկման փուլում դրանց հղում կատարելու համար։
Դատարանն արձանագրեց, որ վարույթի նյութերը, որոնք ներկայացվել են դատարանին, դրանք ի սկզբանե համարվում են հետազոտված և լրացուցիչ հետազոտման անհրաժեշտություն չկա․ «Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը կարծում է, որ հետագա միջնորդությունների համար որևէ նշանակություն ունեցող հանգամանք կարող են հաստատել կամ հերքել, ապա դատարանն այդ առումով որևէ խոչընդոտ չի տեսնում ապացույցների հետազոտումից հետո նաև անդրադառնալ էդ վարույթային նյութերին, բայց, ի սկզբանե, դատարանի գնահատմամբ դրանք ոչ թե ապացույցներ են, այլ վարույթային նյութեր»։
Դատավարական ընթացակարգի վերաբերյալ նախագահող դատավորն ասաց՝ կհետազոտվեն գրավոր ապացույցները, որոնց մեջ ներառված են նաև ձայնասկավառակները, կլսեն տուժողի լիազոր ներկայացուցչին, վկաներին և մեղադրյալներին, որոնք ցանկություն են հայտնել հարցաքննվելու, դրանից հետո կանդրադառնան պաշտպանների կողմից նշված վարույթային նյութերին։
Տուժողի լիազոր ներկայացուցիչը հայտնեց՝ գույքային հայցը կներկայացնի դատավարության հաջորդ փուլում, քանի որ կարիք կա փաստաբանի հետ խորհրդակցելու։ Դատավորը նշեց, որ գույքային հայց կարող է ներկայացվել մինչև նախնական դատալսումների ավարտը։
Ներկայացուցիչը խնդրեց հնարավորություն տալ հաջորդ նիստին ներկայացնել։ Նախագահող դատավորն ասաց՝ հաշվի առնելով տուժողի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ ցանկանում է փաստաբան ներգրավել և վերջինիս հետ քննարկել , չի կարող հնարավորություն չտալ իր իրավունքներն իրացնել, ըստ այդմ, մյուս դատական նիստին կանդրադառնան այդ խնդրին։
Դատական նիստին ուշացումով միացավ նաև Վահան Քերոբյանի մյուս պաշտպան Վաչե Սիմոնյանը, նա ասաց, որ ապացույցների վերաբերյալ որոշակի հարցեր կան՝ ուղղված մեղադրանքի կողմին։
Դրա վերաբերյալ դատավոր Մերի Մոսինյանն ասաց․ «Նախորդ դատական նիստին ներկայացվել են մեղադրանքի կողմի ապացույցները, և պարոն Սարգսյանը նաև ներկայացրել է վերդիկտ կայացնելու համար ինչ հանգամանք է հաստատվել, հետևաբար էդ փուլը մենք անցել ենք, հիմա մենք չենք կարող վերադառնալ էդ փուլին, որովհետև Դուք դատական նիստից ուշացել եք»։
Դատախազն ասաց՝ այդ հարցերի վերաբերյալ արդեն իսկ պարզաբանումներ տրվել են․ «Չեմ պատրաստվում պաշտպաններին առանձին դրա հետ կապված պարզաբանումներ տալ»։
Աշոտ Հովհաննիսյանի պաշտպան Գոռ Օհանյանը հանդես եկավ միջնորդությամբ, այն վերաբերում էր իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սահմանահատումների արգելափակումը ժամանակավորապես վերացնելուն։
Նա նշեց՝ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Աշոտ Հովհաննիսյանը մեկնի Նիդերլանդների Թագավորություն, քանի որ սեպտեմբերի 4-ին նամակ է ստացվել Synergy International Systems ընկերության Նիդերլանդների մասնաճյուղի գործադիր տնօրենի կողմից։
Մասնավորապես, գործադիր տնօրենն իր նամակում նշել է այն խնդիրների մասին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում բանկային գործառնություններ ծավալելու համար։
Հայտնել է, որ անհրաժեշտ է վերջինիս անմիջական ներկայությունը, հատկապես այն պարագայում, երբ մի քանի ռազմավարական հաճախորդներ վերանայում են ընկերության հետ կնքված պայմանագրերի երկարաձգման հարցը՝ այդ թվում Նիդերլանդների ԱԳՆ-ն և մեկ այլ գործակալություն, ու սա կարող է լուրջ վտանգ ներկայացնել շուկաներում իրենց ընթացիկ ու ապագա ներգրավվածությունների, բիզնեսի կայունությունն ապահովելու համար։
Միջնորդեց սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում թույլատրել Հովհաննիսյանին հատել ՀՀ սահմանը։
Միջնորդության քննությանը դատարանը կանդրադառնա հաջորդ՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք նիստին։