2014թ.-ի փետրվարի 1-ից հակակոռուպցիոն կենտրոնները կգործեն «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ավարտվում է 2014թ.-ի հունվարի 31-ին: Այս մասին ծրագրի շրջանակներում կազմակերպված ավարտական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնները փակվում են. այսուհետև հակակոռուպցիոն կենտրոնները Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում, Արմավիրում կշարունակեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով հասարակությանն անվճար իրավաբանական աջակցություն տրամադրումը:

«Ծրագրի շրջանակներում գործող կենտրոնները համախմբվեցին և փետրվարի 1-ից շարունակելու են իրենց գործունեությունը արդեն «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում»,- ասաց Կարեն Զադոյանը:

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժումը ստեղծվել է 2012 թվականին: Այն նպատակ ունի հասարակության ներգրավմամբ ստեղծել կոռուպցիայից զերծ Հայաստան:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել