«ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկը չի արտացոլում տնտեսության իրական պատկերը։ Քննադատություններից խուսափելու համար կոմիտեն որոշել է պետական գերատեսչական մարմինները դուրս թողել այդ ցանկից»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին տնտեսության իրական վիճակը գնահատելուց քննադատաբար էին մոտենում այն փաստին, որ Պաշտպանության նախարարությունը հանրապետության 2-րդ խոշոր հարկատուն է։
Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, պետական գերատեսչությունները հանվեցին 1000 խոշոր հարկատուների ցանկից։ Սակայն դրանում շարունակում են մնալ պետական մարմիններ՝ կրթական կենտրոններ, ատոմակայանը, համայնքային ենթակառուցվածքներ։
«Այսինքն, պետությունը մի գրպանից փողը տրամադրում է պետական մարմիններին, հաջորդ գրպանով հետհավաքագրում է իրականացնում դրա մի մասով, մոտ 20 տոկոսը, այսինքն՝ եկամտային հարկը»,-նշում է Նաիրի Սարգսյանը։
Աուդիտորների պալատի նախագահ նշում է՝ եթե 1000 խոշոր հարկատուներն ապահովում են բյուջեի եկամտային մասի 75-85 տոկոսը, ապա առաջին 100 խոշոր հարկատուները դրա կեսից ավելին են կատարում․ «Տարիներ շարունակ Հայաստանի հարկատուների կառուցվածքը չի փոփոխվել․ հանքարդյունաբերություն, մանրածախ առևտուր, լայն սպառման ծառայությունների կամ ապրանքերի վաճառքը»։
Նաիրի Սարգսյանը նշում է՝ չկա նախադրյալ, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում այս կառուցվածքը փոփոխությունների կենթարկվի։ Մասնագետը նշում է՝ եթե տարանջատում է դրվում` պետական մարմինների, թե տնտեսության իրական հատվածի վճարած հարկն է ավելի «որակյալ», ապա 2-րդինը։
Ինչպես 2021-ին, այնպես էլ 2022-ին և 2023 թվականին Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հետևաբար, զարմանալի չեն նաև Սյունիքի, ԶՊՄԿ-ի վրա Ադրբեջանի չդադարող «հարձակումները»։
«Ինչո՞ւ են հանքարդյունաբերությունը թիրախավորում․ որովհետև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ավելի հետևողական է շարժվում իր նպատակի հետևից, քան Հայաստանը։ Հարկերի կառուցվածքը վերլուծում են նաև թշնամիները ու տեսնում՝ որտեղից կարող են մեզ հարվածել։ Տեսնում են՝ Հայաստանի տարբեր տարիների կառավարությունները չեն կենտրոնացել հանքարդյունաբերությունից ստեղծված ավելացված արժեքի և այլ հարկերի հաշվին նոր տնտեսություն կառուցելու վրա։ Եթե Ադրբեջանն «օկուպացնի» հանքարդյունաբերությունը, ՀՀ-ն էական վնասներ կկրի՝ բյուջեն սնուցող այդ երակից կտրվելով։ Սա իրենց գլոբալ նպատակների մի կոմպոնենտն է»,-նշում է Նաիրի Սարգսյանը։