Ո՞վ է Իրանի նորընտիր նախագահը

Ամփոփվել են ԻԻՀ նախագահական  ընտրությունների արդյունքները, ըստ որի՝ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16 384 403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը՝ դառնալով ժամանակակից Իրանի 9-րդ ընտրված նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին ազարու (ազարիներ կամ իրանական ադրբեջանցիներ) և քրդուհու ընտանիքում։ Ծննդյան վայրը նշվում է Մահաբադ քաղաքը, որը գտնվում է  Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում (ոստան)։

Նախկինում զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին, իսկ 2001-2005 թվականներին եղել է Առողջապահության և բժշկական կրթության նախարար Մոհամադ Խաթամիի կառավարությունում։

Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ Կրկին առաջադրվել է 2021 թվականի ընտրություններում, սակայն նրա թեկնածությունը մերժվել է։ 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին Փեզեշքիանն անցել է որակավորումը և մասնակցել՝ անցնելով երկրորդ փուլ Սաիդ Ջալիլիի հետ։

Փեզեշքիանի քաղաքական ուղին սկսվել է այն ժամանակ, երբ նա միացել է Մոհամադ Խաթամիի վարչակազմին՝ որպես առողջապահության փոխնախարար 1997 թվականին։ Չորս տարի անց նա նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնավարելով 2001-2005 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր նա հինգ անգամ ընտրվել է Իրանի խորհրդարանում, որտեղ նաև զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին:

IRNA լրատվականը հայտնում է նաև, որ 1976-ին Փեզեշքիանը կամ Պեզեշկյանը ընդունվել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանը և 1985-ին ավարտել ընդհանուր բժշկության կուրսը։ 1990 թվականին այնտեղ ստացել է ընդհանուր վիրաբուժության դոկտորի կոչում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել