Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Թամարա Պետրոսյանը․ մեղադրողի հարցերին հրաժարվեց պատասխանել

Հակակոռուպցիոն քրեական դատարանում հուլիսի 2-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեց մեղադրյալ Թամարա Պետրոսյանը։

Նա դատարանում հայտնեց, որ ցուցմունք տալու է, բայց հրաժարվելու է պատասխանել որևէ հարցի։ Նշեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է բոլորին, Արուսյակ Ալեքսանյանը եղել է «իր դատավորը», Էրիկ Ալեքսանյանին ճանաչել է աշխատանքային հարաբերությունների շրջանակում, բոլոր պաշտպաններին ճանաչել է դատարանում աշխատելու ժամանակ։

«2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել եմ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության մասնագիտացմամբ դատարանում՝ որպես դատավորի օգնական։ Սեպտեմբերի 17-ին, ի թիվս այլ միջնորդությունների, ստացել եմ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ գրավոր միջնորդություն, տվյալ միջնորդությունը ստացել եմ գրասենյակի աշխատակցի կողմից։

Միջնորդությունը ստացել եմ, համապատասխան մատյանում ֆիքսել եմ միջնորդության ստացման ժամը, մատյանում նշված էր 16։01։ Իրականում, ես միջնորդությունը ստացել եմ 18։01, բայց քանի որ համակարգիչներում ժամը ֆիքսում է ոչ թե 18։01, այլ՝ 6։01, աշխատանքային ծանրաբեռնվածության և այլնի արդյունքում թույլ եմ տվել տեխնիկական վրիպակ, ու պետք է նշեի 18։01, 6։01-ը տեսել եմ, նշել եմ 16։01»,-ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ միջնորդությունը ստացվել է պատշաճ մակագրված վիճակում, մակագրել են Արուսյակ Ալեքսանյանին։ Որևէ մեկը գրասենյակի աշխատակիցներից միջնորդությունը ստանալուց հետո իր հետ կապ չի հաստատել, պահանջ չի ներկայացվել միջնորդությունները գրասենյակ վերադարձնելու վերաբերյալ։

Միջնորդության վերաբերյալ կայացվել է վարույթ ընդունելու մասին որոշում, նիստը նշանակվել է 3 օր անց, և այդ ժամանակ էլ տեղի է ունեցել միջնորդությունների քննությունը․ «Ինձնից որևէ մեկը պահանջ չի ներկայացրել միջնորդությունները հետ վերադարձնելու վերաբերյալ, հետևաբար նման պարտականություն չեմ էլ ունեցել որևէ գործ գրասենյակ իջեցնելու։ Նշեմ, որ ոչ միայն Սերգեյ Գրիգորյանի գործը գրասենյակ չի իջեցվել, այլ նաև, ինչքան հիշում եմ, քննարկման առարկա էր դառնում նաև մյուս մեղադրյալի մասով․ որևէ գործ գրասենյակ չի վերադարձվել, քանի որ նման պահանջ չի եղել»։

Հանրային մեղադրողի հարցրեց, թե տեղյակ եղե՞լ է, որ Արուսյակ Ալեքսանյանը ցանկացել է անձամբ քննել Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։ Վկան հրաժարվեց հարցին պատասխանել։

Հաջորդ հարցը վերաբերում էր այն հանգամանքին, որ նշված որոշումը իր աշխատանքային համակարգչում հայտնաբերելու ժամանակահատվածում, մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերի 2-ին ներքին դիտմամբ արձանագրվել է, որ Արուսյակ Ալեքսանյանը հանձնարարել է Շիրոյանի աշխատակազմից պարզել Գրիգորյանի նկատմամբ կայացված որոշման մասին, որից հետո հաջորդել է համակարգչում մի շարք որոշումների հայտնաբերումը։ Ըստ այդմ՝ դատախազը հարցրեց, թե ամբողջ ժամանակահատվածում Արուսյակ Ալեքսանյանն էլի հանձնարարե՞լ է նշված որոշումը ձեռք բերել, Պետրոսյանը չպատասխանեց։

Հանրային մեղադրողի հարցին, թե Արուսյակ Ալեքսանյանին տեղեկացրե՞լ է միջնորդության ստացման մասին, և թե ո՞ւմ վերաբերյալ է եղել, վկան կրկին հրաժարվեց պատասխանել այս և մյուս հարցերին։

Ամբաստանյալի ներկայացուցիչը հարցեր չուղղեց՝ հաշվի առնելով, որ մեղադրյալը հարցերին չի պատասխանում, նաև նշեց, որ չի փորձի դատարանի ժամանակն «անիմաստ» վատնել։ Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ասաց․ «Դատարանը Ձեր պատասխանը մեկնաբանել չի ցանկանում, բայց բազմիցս նշվել է, որ Ձեր խոսքը կառուցեք այնպես, որ վիրավորանքի զգացողություն չառաջանա»։

Դատավորին ի պատասխան պաշտպանն ասաց, որ իր ասածի մեջ որևէ ենթատեքստ չկա։ Թամարա Պետրոսյանի հարցաքննությունն ավարտվեց։

Մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի և Արուսյակ Ալեքսանյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքի հարցին դատարանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին։

Դատավորը հայտնեց, որ 2 դիմում է ստացվել Արուսյակ Ալեքսանյանից, որոնցից մեկը վերաբերում է Կոտայքի մարզի նոտարական գրասենյակներից մեկն այցելելուն, մյուսը՝ Փաստաբանական ակադեմիա ընդունվելուն։

Արուսյակ Ալեքսանյանը խնդրեց թույլատրել, որպեսզի սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի լիազորագիր տրամադրելու համար թույլատրեն գնալ նշված նոտարական գրասենյակ։ Նա նշեց, որ իր ընտանիքի անդամները պատրաստվում են գնալ Վրաստան, և դրա համար անհրաժեշտ է տվյալ մեքենայի սեփականատիրոջ համաձայնությունը։

Դատարանը որոշեց թույլատրել նրան ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ այցելել նոտարական գրասենյակ՝ համապատասխան լիազորագիրը ստանալու համար։ Հաջորդ դիմումի մասին հայտնեցին, որ կա գրություն Փաստաբանական ակադեմիա ընդունվելու բանավոր քննության հանձնման օրվա վերաբերյալ, որը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին։ Խնդրեցին թույլատրել այդ օրը մասնակցել քննությանը։ Նախագահող դատավորը փորձեց ճշտել, թե հետագայում ինչպես է տեղի ունենալու մասնակցությունը դասընթացներին։ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանն ասաց՝ տվյալ պարագայում քննարկվում է քննությանը մասնակցելու թույլտվությունը, ակադեմիան ունի ինչպես առկա, այնպես էլ հեռավար ծրագրեր, որը պիտի հետագայում քննարկվի։

Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանի կողմից կատարվելիք հարցման, դասերի անցկացման կարգի վերաբերյալ պատասխաններ ստանալուց հետո դատարանում կշարունակվի միջնորդության քննությունը։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին։

Մարիամ Շահնազարյան

 

Թամարա Պետրոսյանի լուսանկարը հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում չի արվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել