Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունիսի 11-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Ղազարյանը։
Դատավորն ասաց, որ պետք է քննարկվի հաճախ բացակայող պաշտպաններին վարույթից հեռացնելու հարցը։ Նա ընդգծեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ եթե պաշտպանը 2 անգամ բացակայում է նիստից և բացակայությունն էլ անհարգելի է, կարելի է նրանց հեռացնել վարույթից։
Փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ ինքը գիտակցում է, որ շատ է բացակայել․ «Պատճառն այն չէ, որ հետաքրքրված չեմ գործով, պատճառն այն է, որ թիմային աշխատանք է, ես այս գործով առավելապես Եվրոպական դատարանում են ներգրավված փաստաբան, այստեղ ներգրավվել եմ այն պայմանով, որ երբեմն գամ դատական նիստերին, որպեսզի ես ստանամ ինֆորմացիա և ներկայացնեմ որոշ պնդումներ, որոնք պետք է ներկայացնեմ այն հիմնական գործով, որով իրավասու եմ։ Եթե դատարանն ասում է, որ օրենքով հիմքեր կան ինձ վարույթից հեռացնելու, ես չեմ կարող ասել, որ առարկում եմ, չեմ կարող ասել, որ կողմ եմ»։
Դատարանը անհրաժեշտ համարեց ընթերցել գործով կայացած բոլոր նիստերի օրերը, նիստերին մասնակցած և չմասնակցած պաշտպանների անունները, ինչպես նաև նշեց, թե ավելի հաճախ որ պաշտպանն է զգուշացրել նիստին չներկայանալու մասին։ Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ իր բացակայությունները հիմնականում պայմանավորված են եղել, քանի որ ինքը ծանրաբեռնված է եղել նիստերով և երկրում չի եղել։
«Ուզում եմ անդրադառնամ դատարանի նշած իրավական նորմին։ Կարծում եմ՝ այս նորմը նախատեսված է նրա համար, որ ապահովվի դատական նիստի բնականոն ընթացքը։ Այսինքն, եթե մեղադրյալն ունի մի քանի պաշտպան և պաշտպանների միջև համաձայնեցված կարգով այնպես է տեղի ունենում, որ առնվազն պաշտպաններից մեկը ներկա է լինում դատական նիստին և դատական նիստը չի հետաձգվում, այստեղ արդարադատության շահի հետ կապված որևէ խնդիր չկա։ Պատկերացնենք դատարանն ասում է՝ եթե պաշտպանը երկու անգամ չի ներկայացել, հեռացնում եմ, օրինակ այստեղ արդարադատությունը շահում է, թե՞ տուժում է։ Միանշանակ տուժում է, իսկ եթե բոլոր պաշտպաններին հեռացնի, որովհետև բոլորն էլ առնվազն երկու անգամ բացակայել են։ Նոր պաշտպաններ են գալու, ժամանակ են ուզելու գործին»,-նշեց նա։
Նախագահող դատավորն ասաց, որ ասվածը չի վերաբերում Էրիկ Ալեքսանյանի պաշտպաններ Գայանե Պապոյանին և Աննա Մանթաշյանին։
«Ես կխնդրեմ որպեսզի իմ պաշտպաններին վարույթից չհեռացնել, որովհետև կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ մի գուցե դատական վիճաբանությունների փուլում մեկ այլ պաշտպաններ ևս ցանկություն ունենան ճառով հանդես գալու, սակայն մենք ստիպված ենք լինելու վերադառնալ մեկ այլ փուլ, որպեսզի ներգրավման հարցը լուծվի։ Դատարանը չպետք է առաջնորդվի ֆորմալ իրավաբանական առումով հարցի, այլ պետք է իմաստային առումով առաջնորդվի»,-նշեց նա։
Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ այս հարցի բարձրացումը նաև որոշակի զգոնություն է առաջացնում։
Դատարանը որոշում կայացրեց բացակայող պաշտպաններին վարույթից չհեռացնել։
Վերջում մեղադրյալներ Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյյանը հայտարարեցին, որ դատարանում չեն հարցաքննվելու։ Մեղադրյալ Թամարա Պետրոսյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկի իր պաշտպանի հետ, որից հետո նոր կկարողանա դիրքորոշում հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան