Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1211-ը նախատեսում է կտակի անվավերությունը։
Այսպիսով՝ կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:
Կտակը չի կարող վիճարկվել մինչև ժառանգությունը բացվելը:
Կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:
Կտակի վրիպակները և այն կազմելու, ստորագրելու կամ վավերացնելու կարգի այլ աննշան խախտումները, եթե ապացուցված է, որ դրանք չեն կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա, հիմք չեն կտակն անվավեր ճանաչելու համար:
Անվավեր կարող են ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ` դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները: Առանձին կտակային կարգադրության անվավերությունը չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերության:
Կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից: