«Գերեվարված տաքսիստը պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները հպարտացել, որ 5 ուժեղ զինվորականի հետ են կռվել․ մեկը տղաս է եղել»․ 3 երեխաների հայրը պատերազմական գործողություններից հետո շրջափակման մեջ է ընկել

Հայկուհի Ստեփանյանը երեք որդի է լույս աշխարհ բերել։ Երեքն էլ՝ զինվորական․ «Ես հպարտանում էի, որ երեք տղաներս էլ հայրենիքին նվիրված են»։

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում կպատմենք Արա Մարսելի Պողոսյանի հերոսական կյանքի մասին։

Արա Պողոսյանը կամ ինչպես հարազատներն են ասում՝ Արոն, սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Մայրն ասում է՝ այնտեղ էլ իր որդին մեծ հարգանք է վայելել։ Կինը՝ Աննա Հարությունյանը, մեզ հետ զրույցում ժպիտով է հիշում իր և սիրելի ամուսնու ծանոթության պատմությունը։

«8-րդ դասարանից ծանոթ ենք եղել։ Հետո մենք ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա։ Ես չէի հարմարվում այնտեղի կյանքի հետ, ծնողներիս խնդրում եմ ու գալիս եմ Հայաստան՝ սովորելու։ Այնպես է ստացվում, որ փաստորեն ես Արոյի մտքից դուրս չէի եկել։ Մի օր առավոտյան, հարսիս քույրիկի հետ գնում ենք խանութ ու այդ օրն Արոն իր ընկերոջն ասել էր՝ եթե ես այսօր Աննային տեսնեմ, ուրեմն ինքն իմ բախտն է, եթե չէ, ես էլ իրեն ման չեմ գալու, որովհետև ամիսներ շարունակ փնտրել էր։ Ինքն է ինձ պատմել։ Ասում էր՝ 5-րդ անգամ մտա այդ փողոց ու ասացի՝ վերջ, սա վերջինն է, հենց այդ վերջին շրջանի ժամանակ ես դուրս եմ գալիս տանից։ Ու ինքն ինձ տեսնում է։ Վայրկյան շուտ մենք ամուսնանում ենք»,-հիշում է կինը։

Արան 2020 թվականի պատերազմի օրերին ծառայում էր Կիրովականում, երբ իմանում է, իր հարևանի որդու Էդգար Բաղումյանի զոհվելու լուրը, կամավորագրվում է ու մեկնում Արցախ․ «Ասացի՝ Ար, խնդրում եմ, մի՛ գնա, ես երեք երեխա չեմ կարող պահել, մեծացնել։ Ինքը քառօրյային էլ էր մասնակցել, ես էս տագնապը չունեի, ես հպարտ էի, գիտեի, որ Արոն սարեր, ձորեր ճանկռելով տուն կգար։ Ասաց՝ Ան, իմ արյունը նրանց արյունից կարմիր չի ու դու էլ ուժեղ կին ես, եթե ես հետ չգամ էլ, ես գիտեմ, որ դու իմ բալեքին շատ լավ ես նայելու։ Ինքը որոշում էր կայացնում ու իր որոշումը չէր քննարկվում։ Մենք չկարողացանք իրեն համոզել, որ չգնա։ Ասում էր՝ ես 20 տարվա զինվորական եմ, ես գիտեմ՝ ինչ կանեմ, իմ ստաժի տարիքի տղաներ են զոհվում, ես ո՞նց մնամ ապահով դիրքերում»։

Արան հավաքում է 10 հոգանոց խումբը ու մեկնում Բերձոր (Լաչին)։ 10-11 օր պահում է այնտեղի սահմանները։ Հետո իմանում են, որ Բերձորի եկեղեցին հանձնվում է թշնամուն։ Մայրն ասում է, որ որդին այդ փաստը շատ ծանր է տարել։ Վերցրել է իր ընկերներից 4-ին ու գնացել են, որ օգնեն, եկեղեցու սրբությունները հանեն, որպեսզի թշնամուն չմնա, չանարգվի։

«Հանդիպել ենք եկեղեցու քահանային։ Ինքը պատմեց, որ հինգ հոգով եկան, օգնեցին, մենք եկեղեցին դատարկեցինք։ Նոյեմբերի 12-ին արդեն պետք է տուն գար։ Քահանան պատմեց, որ Արոն հուզված ասել է՝ գնամ տուն ի՞նչ ասեմ, ասեմ, որ Շուշին տվինք, եկա՞նք։ Քահանան ասում էր, որ շատ ծանր էր տարել, ինքը բավականին հանգստացրել է Արոյին, զրուցել է, որ խաղաղվեն իրենք։ Քահանան պատմեց, որ Արոն նրան խնդրել է, որ թույլ տա խորանում աղոթել դուրս գալուց  առաջ, ծնկել աղոթ է արել ու դուրս են եկել։ Կես ժամ հետո ընկել են շրջափակման մեջ։ Իրենք 5 հոգի, իսկ այդ բորենիները շատ-շատ են եղել։ Անտառից միանգամից դուրս են եկել։ Դեպքից մի ժամ առաջ էի իր հետ զրուցել, չասացի էլ սոված ես, կուշ ես։ Միայն ասացի՝ բալես, այս դիվերսիոն խմբերից զգույշ կլինես, ասաց՝  մամա, երեխա՞ եմ, 20 տարվա զինվորական եմ։

Մեզ մի գերի է պատմել, որ երբ իրեն տարել են Շուշի, այնտեղ եկել են ադրբեջանցի զինվորականներ և պատմել են, որ 5 տղաների հետ են կռվել, որ շատ հերոս տղաներ են եղել։ Ասում է՝ իրենք պարծենում էին, որ նման ուժեղ զինվորների հետ են կռվել։ Վերջում էլ ասել են՝ սատկացրինք։ Տղաներին շրջափակել են, 5-ն էլ ոչ թե ձեռքերը բարձրացրել են ու գերի հանձնվել, այլ սկսել են ավտոմատներով կռվել։ Ուսումնասիրել են մարմինները, բժիշկը մեզ ասաց, որ թշնամին նռնակ է օգտագործել, տղաները վիրավորվել են, իմ տղան էլ ձեռքից, ոտքից վիրավորվել է, աչքն է վնասված եղել։ Դե որ վիրավորվել են, արդեն մոտեցել են, բայց տղաները ձեռնամարտի են բռնվել, դա վկայում է իմ տղայի վրայի դանակի հետքերը, դանակահարել են 5-6 տեղից էրեխիս»,-պատմում է մայրը։

Արան զոհվել է կնոջ ծննդյան օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել