«3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեցին»․ Էդգարին ուղղաթիռով հասցրել են Երևան, բայց կյանքը փրկել չի հաջողվել

«Վերջին անգամ տղայիս տեսել եմ զինկոմիսարիատի մոտ»,-այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Էլիզա Շահնազարյանը՝ խոսելով 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Բաղումյանի մասին, ով բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 10-ին։

«Ինձ մոտ այն տրամադրությունն էր, որ տղաս գնում է բանակ, վերջապես ես էլ եմ զինվորի մայր լինելու, որովհետև զինվոր ասվածը սրբություն է, զինվորը հայրենիքի համար ամեն ինչ է։ Իմ երազանքն էր, որ իմ տղան զինվոր լինի, սիրուն զինվոր, ինքը սիրուն զինվոր էլ դարձավ»,-ասում է մայրը։

Տիկին Էլիզայի խոսքով՝ իր որդին չդժգոհող տեսակ է եղել։ Անգամ իր երդման արարողությանը չեն կարողացել գնալ COVID-ի պատճառով։

«Արդեն սահմանափակումները դուրս էին եկել, սեպտեմբերի 26-ին, շաբաթ օրը որոշել էինք, որ պետք է գնանք իրեն տեսակցության։ Զանգեցի Էդգարին, ասաց՝ մամ, խնդրում եմ՝ չգաք, մենք գնում ենք զորավարժությունների, անորոշ ժամանակով։ Իր խնդրանքով մենք չգնացինք։ Պահի լրջությունը չէի գիտակցում, զանգում էր, ասում էր՝ հերթապահ եմ։ Բայց լսում էի, որ կարծես անտառում լինի։ Այնքան լավ էր մեզ հմտորեն հանգստացնում, որ չէինք էլ կասկածում, թե որտեղ կարող է լինի»,-հիշում է մայրը։

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը Էդգարից լուր չեն ունեցել հարազատները։ Հոկտեմբերի մեկին, մայրիկի ծննդյան օրը զանգել է, մայրն ասում է՝ 4 վայրկյանով։

«Երկու-երեք օրը մեկ զանգահարում էր, ասում էր՝ մենք հեռու ենք, ապահով տեղում ենք, բայց հրետանավորը չէր կարող պատերազմի կիզակետում չլիներ։ Շրջափակման մեջ էլ է եղել գրավված Հադրութում։ Ասում էր՝ մամ, էս Ղարաբաղն էնքան սիրուն տեղ ա, դրա համար էլ էսքան կռիվ են տալիս։ Արցախն էլ ինձ համար երազանք դարձավ, հուսամ մի օր կգնամ Էդգարիս Արցախ, Արցախը սիրել եմ իմ տղայի աչքերով»,-ասում է տիկին Էլիզան։

Նա նշում է, որ պատերազմի օրերին, երբ խոսել է որդու հետ, զգացել է, որ այլևս իր 18-ամյա տղան չէ, ավելի մեծ, հասուն Էդգարի հետ է խոսել մայրը։ Տղան պարանոցի շրջանում վիրավորում է ստացել։ Շատ ծանր վիճակում ուղղաթիռով հասցրել են Երևան, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

«Էդգարս հրամանատարի շնորհիվ է մեզ հասել։ Իմացանք, որ վիրավորվել է, շատ արնաքամ է եղել։ Մնացել է Ստեփանակերտում։ Հետո Հայաստանից գնացած շտապօգնության վարորդն է տեսել Էդգարիս, թե ինչպես է տանջվում։ Վարորդն ինձ ասաց՝ մենք Էդգարին գողացանք այնտեղից, մի կերպ հասցրել ենք Գորիս։ Երևանում 3 մեծ շունչ քաշեց ու աչքերը փակվեց»,-պատմում է մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել