Այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել «Տվյալագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագրի հայտարարման արարողությունը:
Արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Նա նշեց, որ առաջին անգամ 2024-2025թթ․ ուսումնական տարվա համար Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով․
«Արձանագրենք, որ մեր գործունեության 91 տարիների ընթացքում՝ մեկտեղելով տեխնոլոգիական և բնագիտական կրթությունը, մենք եկել ենք այն հանգրվանին, որ համալսարանը արդեն իսկ պատրաստ է իրականացնել տվյալագիտության ուղղությամբ մասնագիտական կրթության կազմակերպում, ընդունելություն, և շատ կարևոր է, որ այսօրվա միջոցառմանը մենք նաև առիթ ենք ունենալու խոսելու տվյալագիտության մասին, հեռանկարների մասին, բայց առավել կարևոր է, որ այս քննարկմանը և այս միջոցառմանը ներկա են հենց մեր աշակերտները և ապագա դիմորդները, ովքեր կարող են լավագույնս մասնավոր ոլորտի մեր ներկայացուցիչների և կրթական ծրագրի ղեկավարի միջոցով ծանոթանալ կրթական ծրագրին, մասնավոր ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և տեխնոլոգիական անցուդարձերին, թե այդ անցուդարձերի ընթացքում տվյալագիտությունը ինչ խնդիր է լուծում»։
Կրթական ծրագիրն ու ուսումնառության կազմակերպման գործընթացը ներկայացրեց կրթական ծրագրի ղեկավար, «ԷՅ-ԷՅ-ԷՍ Դէվել» ընկերության հիմնադիր Սուրեն Էդիլյանը։ Նրա խոսքով՝ տվյալագետների պահանջարկը կտրուկ աճում է․ «Մեկտեղելով մեր ԲՈՒՀ-ի մաթեմատիկայի և ծրագրավորման հիմնական, հենքային գիտելիքները, որը այսօր ապահովում է մեր Հանրապետության հիմնականում հաջողակ ծրագրավորողների մեծ քանակ՝ մենք սկսել ենք ընդհանուր մաթեմատիկայի բլոգից։ Տվյալագիտությունը, որպես այդպիսին միշտ ինտեգրվում է ոլորտներին։ Այդ ոլորտները կարող են լինել բժշկությունը, կենսաբանությունը, ինժեներիան, տարբեր ոլորտներ ևս, այդ թվում՝ բուն ծրագրավորումը»։
Նա հավելեց, որ ապագա ուսանողները կարիք կունենան որոշակի հիմնային գիտելիքներ ձեռք բերել հենց այս ոլորտներից, բնական գիտություններից։ Էդիլյանի խոսքով՝ ցանկացած գիտության մեջ սկսնակ ուսյալը պետք է սովորի՝ ինչպես սովորել, և փորձելու են հենց դա փոխանցել ուսանողներին։
Կազմակերպվեց նաև պանելային քննարկում, որի ընթացքում խոսեցին թեմատիկ հարցերի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարիամ Անտոնյան