Ներկաները վկայում են հրաշագործությունների մասին․ Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվեց Շուրիշկանի Ավետարանը

Շուրիշկանի հրաշագործ ավետարանն այսօր՝ ապրիլի 7-ին, Մաշտոցյան Մատենադարանից տարվեց Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։

Ամեն տարի Կրկնազատկի տոնին ավետարանը բերվում է եկեղեցի, Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից հավատացյալներ են գալիս՝ տեսնելու ավետարանը և իրենց ուխտը կատարելու։

Շուրիշկանի Ավետարանը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թ․-ին։ Ավետարանը 1603-1604թթ. պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում Սեֆյան հարստության 5-րդ արքա Շահ-Աբբասի նախաձեռնած շուրջ 500 հազար հայերի տեղահանության հետևանքով հայտնվել էր Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում, որտեղից էլ եկել է անվանումը։ Ավետարանն ընդօրինակելու պատվերը Թուրվանտա իշխանինն է, ընդօրինակումը՝ տեր Բարսեղ քահանայինը։ Մարդիկ հավատացած են, որ Շուրիշկանի ավետարանը կատարում է իրենց նվիրական փափագները, դրա համար էլ ավետարանը կոչում են նաև հրաշագործ։ Խնդրակատար Ավետարանը 2002 թվականից հավատացյալների ուղեկցությամբ հանվում է Մատենադարանից և տարվում Սուրբ Գևորգ եկեղեցի։

Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հագևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ ավետարանի հրաշագործությունների մասին վկայում են ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մահմեդականները․ «Հրաշագործությունների մասին վկայություններ շատ կան ավետարանի մասին։ Իրանցի հիվանդ երեխաներին բերել են ավետարանի առաջ և նրանք բժշկվել են։ Նույնիսկ ավետարանի վերաբերյալ կան հրամանագրեր, որոնք գրվել են պարսից խաների կողմից, որպեսզի այս ավետարանը ոչ ոք չայրի, չվնասի»,-ասաց նա։

Հավատացյալների թիվն ամեն տարի մեծանում է։ Մարդիկ լսելով ավետարանի անվան հետ կապված հրաշքների մասին, գալիս են անձամբ տեսնելու և հաղորդություն ստանալու։ Այսօր էլ Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց պատարագ։

Ներկա հավատացյալներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը երկար տարիներ Կրկնազատիկի օրն եկել է։ Դա նպաստել է, որ իր աղջիկը, որին բժիշկներն ասել էին՝ երեխա չի ունենա, արդեն 4 երեխա ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել