Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 4-ին, շարունակվեց Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ 2000 թվականին կասեցված, այնուհետև վերսկսված քրեական գործի քննությունը։
Զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։ Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։
2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։
2021 թվականի հոկտեմբերի 16-ին Վանո Սիրադեղյանը մահացել է։ Եվ, ահա, 2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ Խաչատուր Սիրադեղյանը պահանջելու է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստը նախատեսված ժամից ավելի ուշ սկսվեց պաշտպան Տիգրան Եգորյանի ուշացման պատճառով։ Պաշտպանը հայտնեց, որ խնդիրը մեկ այլ գործով ծանրաբեռնված լինելն էր։
Դատավորը պաշտպանին ասաց, որ ժամանակ էր խնդրել գործի նյութերի ծանոթանալու համար, ըստ այդմ, արդյո՞ք նա ծանոթացել է գործի նյութերին, կարո՞ղ են շարունակել գործի քննությունը։
Պաշտպանը նշեց, որ գործի նյութերին ամբողջությամբ չի ծանոթացել, նյութերը հնարավոր չեն եղել ամբողջ ծավալով նայել, կան նյութեր, որոնք դեռ դատարանից պետք է վերցվեն։ Նրա խոսքով՝ այս պահին ապացույցներ ձեռք բերելու հետ կապված որևէ միջնորդություն չունեն, բայց չեն կարող բացառել, որ իրենց դեռ անհասանելի մի քանի նյութերին կծանոթանան, միջնորդություն կունենան։
Դատարանը դատավարության մասնակիցներին իրազեկեց, որ այդ գործով ծանուցումներ են ուղարկվել տուժողներին, որոնք թվով մոտ 20-ն են։ Մայիս Ռաֆայելյանի, Արթուր Հակոբյանի, Արտավազդ Անտոնյանի ծանուցումների վերաբերյալ որևէ տեղեկություն դատարանը չէր ստացել, ծրարները չեն վերադարձվել։ Ռոմիկ Ավետիսյանի և Հարություն Սուքիասյանի դեպքում ծանուցումները վերադարձվել են դատարան «մահացած» նշումով։ Արմեն Սիմոնյանի, Տիրայր Առաքելյանի դեպքում «անհայտ» նշումով, Սուրիկ Բոյախչյանի դեպքում՝ «բացակա» նշումով, Վլադիմիր Գրիգորյանի դեպքում նշված է՝ «չի պահանջվել», դատարանին որքանով հայտնի է՝ տուժողը մահացել է։ Կառլեն Ղանդիլյանի դեպքում կրկին «տեղափոխված» նշումով է ստացվել։ Հայկ Աբաջյանը, Մերուժան Աբրահամյանը, Խաչատուր Աթաբեկյանը և Վահան Խաչատրյանը պատշաճ ծանուցված են։
Դատավորը դիմեց Եգորյանին՝ ասելով, որ նա նշել է՝ գործի նյութերին ծանոթանալու դեպքում չեն բացառվում որոշակի միջնորդություններ, նախապատրաստական մասը սկսելու համար կարո՞ղ են առաջ գնալ, թե՞ պարտադիր է նյութերի բացակա մասին ծանոթանալը։
Դատավորի հարցին ի պատասխան՝ պաշտպանը նշեց, որ ցանկալի է, որպեսզի ամբողջությամբ ժամանակը բավարարեր նայել և շարունակել գործի քննությունը։
Դատարանը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց պաշտպանության կողմին անհրաժեշտ նյութերրին ծանոթանալու համար, որպեսզի համապատասխան միջնորդություններ լինելու դեպքում դրանք ներկայացվեն։
Եգորյանն ընդգծեց․ «Պարոն Սիրադեղյանը ոչ թե մտմտում է գործի կարճման հետ կապված միջնորդություն ներկայացնել-չներկայացնելու հարցում, այդպիսի հարց չունի նա, նա ցանկանում է խորանալ գործի մեջ և փորձել անել իրենից կախված անհրաժեշտն այդ խնդրի շրջանակներում։ Մենք անակնկալի չենք պատրաստվում բերել, օրինակ, մյուս նիստով կամ որևէ այլ նիստով՝ ասելով, որ խնդրում ենք, միջնորդում ենք այս փաստի հիմքով կարճել գործի վարույթը, խոսքը ընթացակարգային դիրքերի և միջնորդությունների մասին է»։
Դատավորը նշեց, որ դատարանը ընդհանրապես նման բան չի քննարկել, չի ասել։
Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց մայիսի 22-ին։
Մարիամ Շահնազարյան