Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքը սահմանում է զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները: Օրենքի 37-րդ հոդվածում ասվում է.
Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները` նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներում:
Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով` հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:
Պետությունը երաշխավորում է`
ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում: