«Եթե ինչ-որ բան պատահեց, ո՞վ է պատասխանատուն»․ Ինչո՞ւ Արմավիրը չունի օրինական փոխադրող

«Այն ամենն ինչ ասել է Արմավիրի մարզպետը, իրականությանը չի համապատասխանում։ Նա իրականությունից կտրված, կեղծ, սխալ պատասխաններ է տվել»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ արձագանքելով մեր «Արմավիրից մարդիկ չեն կարողանում ժամանակին հասնել Երևան՝ դասի կամ աշխատանքի․ խնդրին մարզպետն է անդրադարձել» վերտառությամբ հրապարակմանը։

Վահան Հովհաննիսյանը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչն է, որը շուրջ 10 տարի իրականացրել է Արմավիր-Երևան-Արմավիր ուղևորափոխադրումը։

«2018 թվականից սկսած այդ ընկերության օրինական գործունեությանը սկսել է խոչընդոտել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը հովանավորվում է իշխանության բարձրագույն էշելոնների կողմից։ Ընդ որում՝ անօրինական կերպով են սկսել միջամտել։ Այսինքն, «Ընկերներ տրանս» ընկերության կողմից գիծ են հանվել 4-7 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք առանց որևէ թույլտվության, առանց որևէ լիցենզիայի սկսել են իրականացնել այդ ուղևորափոխադրումները, որի պատճառով ակնհայտ, ոչ մրցակցային պայմաններ են ստեղծել օրինական ուղևորափոխադրողի համար, քանի որ չեն վճարում հարկեր, չեն վճարում տուրքեր։ Այս կապակցությամբ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դիմել է նաև ծայրահեղ քայլերի, օրինակ՝ ճանապարհ են փակել, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, բայց՝ ձայն բարբառո հանապատի»,-նշել է Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը հայտնել է նաև, որ իրենք հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի կողմից «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ առերևույթ հանցագործություններ կատարելու կապակցությամբ։

«Այս պահին նախաձեռնված է և քննվում է 2 քրեական վարույթ, մեկը Քննչական կոմիտեում, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ ՔԿ-ում քննվող վարույթը վերաբերում է «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, այսինքն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առանց լիցենզիայի Արմավիր-Երևան-Արմավիր գծի սպասարկումը։ Վարույթը քննվում է մոտ մեկ տարի, մեկ տարվա ընթացքում այդ վարույթով տառացիորեն որևէ գործողություն չի կատարվել։ Վարույթ նախաձեռնելու նպատակը հանցանքի կանխումն ու խափանումն է, բայց վարույթ նախաձեռնելուց հետո հանցագործությունը շարունակվում է կատարվել։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի գործունեությունը հունվարի 23-ից ընդհանրապես դադարեցվել է։ Դադարեցման պատճառը ձևական խախտումներն են, օրինակ՝ ընկերությունը իր ավտոմեքենաները չի վարում «Կիլիկիա» ավտոկայանից, դա անում է մեկ այլ վայրից։ Բայց որևէ մեկին չի հետաքրքրում՝ լավ, ինչպե՞ս ստացվեց, որ ընկերությունը «Կիլիկիա» ավտոկայանից դուրս եկավ։ Դուրս եկավ, քանի որ այս «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն ամեն ինչ արեց, որպեսզի օրինական փոխադրողը իր կանգառից դուրս գա, գնա մեկ այլ վայր։ «Կիլիկիայում» կանգնելու հնարավորություն չունի, քանի որ այնտեղ վարորդների նկատմամբ առերևույթ հանցագործություններ են կատարվում։ Վարորդները վախից չեն ցանկանում հանցանքի մասին հաղորդում ներկայացնել»,-ասել է նա։

Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ըստ իր վստահորդի՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, մասնավորապես փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից, որը սպասարկում է տվյալ ոլորտը։

«Արմավիրի մարզպետը նշել էր, որ առաջիկայում կկազմակերպվի մրցույթ: Կեղծ, քանի որ շուրջ երկու տարի առաջ մրցույթ է հայտարարված եղել, մասնակցել է երկու ընկերություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն և «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն։ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի շարժակազմը ամենևին չի համապատասխանել մրցույթի պահանջներին և պայմաններին Արմեն Սիմոնյանի կողմից փորձ է կատարվել մրցույթ հայտարարելուց հետո փոխել մրցույթի կարգն ու պայմանները, որպեսզի «Ընկերներ տրանսը» կարողանա մասնակցել մրցույթին, բայց անգամ այդ պարագայում հնարավոր չի եղել, որ այդ ընկերությունը չի հաղթել։ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դիմել է դատարան, Ընդհանուր իրավասության դատարանում հաղթել է, ճանաչվել է մրցույթի հաղթող, որից հետո բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանն այս պահին բեկանել է դատական ակտը, բայց «Գալակտիկա տրանս սերվիսի» կողմից ներկայացվել է Վճռաբեկ բողոք, քանի դեռ Վճռաբեկ բողոքի պատասխանը չի ստացվելու, քանի դեռ այս գործով վերջնական դատավարական ակտ չի կայացվելու, նոր մրցույթ հնարավոր չի հայտարարել, իսկ Վճռաբեկ դատարանում գործի քննությունը կարող է տևել տարիներ»,-ասաց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ ըստ օրենքի՝ քանի դեռ չի հայտարարվել նոր մրցույթ, պետությունը պարտավոր է մրցույթում վերջին հաղթողին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ տրամադրել թույլտվություն այդ գործունեությունը շարունակելու համար։

«Մրցույթի կանոնները խախտելու, հրապարակային սակարկումների համար մեր կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, ընդ որում՝ որպես գլխավոր գործող անձ նշվել է նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին, այս մասով նախաձեռնված է վարույթ, կրկին տոտալ անգործություն։ Մեկ տարի է՝ ասում ենք՝ եկեք «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրենին առերեսենք Արմեն Սիմոնյանի հետ, քանի որ դրանից շատ մեծ բան է պարզվելու։ Մինչև հիմա քննիչը, առանց որևէ հիմնավորման, այդ առերեսումը չի կատարում։ Տիկին Շուշանիկն ունի ապացույցներ, որ նախարարի տեղակալն իր աշխատասենյակում ասել է՝ քանի դեռ ինքը զբաղեցնում է այդ պաշտոնը, «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն այդ գիծը չի սպասարկելու»,-ասաց փաստաբանը։

Խնդրի վերաբերյալ Iravaban.net-ը փորձել է զրուցել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Սակայն մեր հարցերին պատասխանեց նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը։

Նա նշել է, որ 2021 թվականին անցկացվել է մրցույթ, Արմավիրի տարածաշրջանում հաղթող չի եղել, այնուհետև մրցույթի մասնակից երկու կազմակերպությունների կողմից դատական կարգով բողոքարկվել է նախարարության որոշումը․ «Մինչ այսօր դատական գործընթացները չեն ավարտվել։ Ավարտվելուց հետո կարող ենք նոր մրցույթ հայտարարել և համապատասխանաբար միասնական օպերատոր կունենանք, որը պատշաճ կսպասարկի Արմավիրի տարածաշրջանի երթուղիները։ Հիմա նոր մրցույթ հայտարարելու իրավունք չունենք։ Մենք հուսով ենք, որ այս տարի կկարողանանք հայտարարել այն, բայց պրոցեսների հետ կապված որևէ կանխատեսում չեմ կարող ներկայացնել»։

Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում 5-7 տեղանոց մեքենաներով կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացվում․ «Հստակ սահմանված է, որ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոբուսներով, այսինքն 9-ից ավել նստատեղեր ունեցող տրանսպորտային միջոցներով։ Մի գուցե տաքսի ծառայություններ են փոխադրում իրականացնում»։

Հարցին՝ արդյոք նախարարությունը հետաքրքրվել է, թե ովքեր և ինչպես են իրականացնում Արմավիր-Երևան-Արմավիր երթուղու ուղևորափոխադրումը, Ռուզաննա Այվազյանն ասել է, որ Հանրապետության մյուս մարզերում էլ միասնական օպերատորի ընտրություններ չեն կազմակերպվել․ «Մենք բավականին մեծ քանակությամբ բնակավայրեր ունենք, որոնք չունեն տրասնպորտային սպասարկում։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում միասնական երթուղային տրանսպորտի ներդրման օպտիմալ տարբերակ գտնելու և մրցույթները հայտարարելու։ Նախարարության համար միայն Արմավիրի մարզը չէ գերխնդիր, այլ բոլոր մարզերի տրասնպորտային սպասարկումը կազմակերպելն է»։

Ռուզաննա Այվազյանը որևէ մեկնաբանություն չի տվել փաստաբան Վահան Հովհաննիսյանի բարձրացրած այն հարցին, որ «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն հովանավորվում է փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից․ «մեկնաբանություն չունեմ»։

Iravaban.net Հակակոռուպցիոն կոմիտեից հետաքրքրվեց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի վերաբերյալ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթն այժմ որ փուլում է․ «Այս գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Արմեն Սիմոնյանն էլ մեզ մոտ գտնվող որևէ վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի»։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել