Արմավիրից մարդիկ չեն կարողանում ժամանակին հասնել Երևան՝ դասի կամ աշխատանքի․ խնդրին մարզպետն է անդրադարձել

Արմավիր քաղաքից դեպի Երևան երթուղային տրանսպորտը տևական ժամանակ է` չի գործում։

Մարզի ուսանողները և քաղաքացիները, որոնք աշխատում են մայրաքաղաքում, դժվարությամբ են հասնում Երևան։ Ներկայումս տեղափոխումն իրականացվում է 4-7 տեղանոց ավտոմեքենաներով։ Սակայն դրանով խնդիրը չի լուծվում, կանգառում հերթեր են։

Լուսանկարը՝ Սուսաննա Մատինյանի ֆեյսբուքյան էջից։

Խնդրի վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ։

«Նախկինում, մոտավորապես 2 տարի առաջ, միասնական երթուղու մրցույթ է անցկացվել, որի արդյունքները մրցույթին դիմած 2 մասնակիցներն էլ վիճարկել են դատարանում։ Արյունքում, օրեր առաջ վճիռ է կայացվել, որով հնարավորություն կա արդեն նոր երթուղու մրցույթը հայտարարել»,-նշել է նա։

Մարզպետի խոսքով՝ նոր մրցույթ հայտարարելուց հետո հարցը կհանգուցալուծվի։

«Մրցութային գործընթաց է լինելու, դրա համար կոնկրետ օր, կոնկրետ ժամկետ կդժվարանամ ասել, բայց առաջիկայում, հնարավորինս արագ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունն արդեն զբաղվում է մրցույթի կազմակերպման հարցով։ Ամեն դեպքում, կոնցեպտը պահպանվելու է և ունենալու ենք միասնական երթուղի, որն իր մեջ ներառելու է ինչպես քաղաքային բնակավայրերը գյուղերին կապելու, այպես էլ մարզկենտրոնը Երևանին կապելու երթուղի, որն իրականացվելու է նույն օպերատորի կողմից»,-ասել է Դավիթ Խուդաթյանը։

Մարզպետն ընդգծել է՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմը վերահսկողական գործառույթ չունի կանգառներում կանգնող և մեքենաներով մարդկանց տեղափոխող տրանպորտային միջոցների նկատմամբ․ «Մենք մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում ենք, որ և՛ Արմավիր քաղաքի, և՛ հարակից գյուղական բնակավայրերի բնակիչները ապահովվեն պատշաճ, որակով տրանսպորտով, այս ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում»։

Դավիթ Խուդաթյանն ասել է նաև, որ խնդիրը նոր չէ, արդեն տևական ժամանակ է՝ կա․ «Դրան պետք է ինստիտուցիոնալ լուծում տրվի»։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ «Ընկերներ Տրանս» ընկերությունը դիմել է Վարչական դատարան և պահանջել ընկերությանը հաղթող ճանաչել Արմավիրի մարզի Արմավիր տարածաշրջանի միասնական երթուղիների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր սպասարկման համար անցկացված մրցույթում և պայմանագիր կնքել նրանց հետ։ 

Առաջին ատյանի դատարանը, դատավոր Միքայել Մելքումյանի նախագահությամբ, որոշել է ներկայացված հայցադիմումը մերժել։ 

Դատարանը նշված վճիռը կայացրել է 2023-ի նոյեմբերի 1-ին, այն չի բողոքարկվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել