Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում մարտի 22-ին կայացավ «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվում է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի կողմից՝ «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի հետ համատեղ:
Ուսանողներն հնարավորություն ունեն անձամբ ծանոթանալ կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների նորագույն զարգացումներին:
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ասաց, որ աշխատաժողովի ընթացքում խնդիրներ են տրվելու ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան այդ խնդիրների շուրջ մտածելով՝ առաջարկեն նորարարություն և լուծումներ․ «Սա իրական հնարավորություն է բուհ-մասնավոր համագործակցության տեսակետից։ Ուսանողները նմանօրինակ ծրագրերին մասնակցելով ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ և վստահ եմ, որ այս աշխատաժողովն իր նպատակներին ծառայելու է այնքանով, որ հնարավորություն է տալու մասնագիտական համայնքին և ուսանողական համակազմին էլ ավելի կոնկրետանալ իրենց մասնագիտական գործունեության շուրջ»:
Գոռ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը համարվում է արևային երկիր և պետք է ձեռնամուխ լինել՝ արևի էներգիան փոխակերպել էլեկտրական էներգիայի։ «Թիմ Սիսթեմս»-ը հանդիսանում է Հայաստանում էլեկտրական ոլորտում աշխատող առաջատար ընկերություններից մեկը։
Տնօրեն Նելլի Մալյանի խոսքով՝ իրենք ուսանողներին ներկայացնելու են էներգետիկ ոլորտում ժամանակակից նորարար տեխնոլոգիաները. «Խոսելու ենք խելացի շենքերի մասին, այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին։ Մեծ հույսեր ունենք, որ ուսանողները կոգեշնչվեն նորարար տեխնոլոգիաներով, մի օր կդառնան մեր կոլեգաները և մեծ հաջողություններ կարձանագրեն»,:
Մանրամասները՝ տեսանյութում։