Նորանշանակ դատախազը Վարդան Պետրոսյանի ձերբակալման գործով որոշում կկայացնի

Դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի որոշումն անօրինական է եղել: Այս կարծիքին է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Անձին ձերբակալելը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 128 հոդվածով, 129 և 130 հոդվածներով:

130-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքները, որի առկայության պայմաններում վարույթ իրականացնող մարմինն իրավասու է որոշում կայացնել անձին ձերբակալելու:

Քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել անձին ձերբակալելու, եթե բավարար ապացույցներ կան, որ տվյալ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք: Սակայն դա դեռ ձերբակալման համար բավարար հիմք չէ, քանի որ դրա հետ միաժամանակ ձերբակալելու որոշում կայացնելու համար պետք է առկա լինի երկու պայմաններից մեկը` անձը գտնվի այլ տեղանքում կամ հայտնի չլինի նրա գտնվելու վայրը: Եթե այդ երկու պայմաններն էլ չկան, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու չէ անձին ձերբակալել: Այսինքն` Վարդան Պետրոսյանը չի գտնվել այլ տեղանքում և նրա գտնվելու վայրը վարույթն իրականացող մարմնին հայտնի է: Անգամ նրանց որոշումից դա երևում է: Եվ եթե այս երկու պայմանները չկան, ապա անօրինական որոշում է կայացվել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նախաքննական մարմինը պատահարի մեղավորին որոշելու համար նշանակել է փորձաքննություն:

«Այսինքն` փորձաքննություն նշանակելու որոշում կայացնելու փաստից ակնհայտ է, որ մարմինը` թե ո՞վ է մեղավոր հարցի պատասխանը դեռ չունի: Ձերբակալման որոշման մեջ ևս արտացոլված է, որ դեռևս փորձաքննության պատասխանը չկա: Այսինքն` նախաքննական մարմնի համար դեռևս անհայտ է` Վարդան Պետրոսյանի արարքի մեջ առկա է հանցակազմ, թե այլ հանգամանք կա: Այսինքն` այն նախապայմանը, որն օրենքն առաջարկում է վարույթն իրականացող մարմնին ձերբակալելու համար, նրանք չունեն»,- նշեց պաշտպանը:

Նիկոլայ Բաղդասարյանը ձերբակալման որոշումը բողոքարկել է: Քննիչը պարտավոր է բողոքը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում այն հանձնել տվյալ պարագայում Կոտայքի մարզի նորանշանակ դատախազ Վազգեն Ռշտունուն: Դատախազը եռօրյա ժամկետում պարտավոր է քննության առնել հարցը և բողոքի վերաբերյալ որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: 

 

Վազգեն Ռշտունու նկարը` court.am

Վարդան Պետրոսյանի նկարը` hetq.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել