Աշխարհում ընդհանուր առմամբ աշխատողների շրջանում տղամարդկանց տեսակարար կշիռը 1,5 անգամ գերազանցում է կանանց մասնաբաժինը, և միայն ինը երկրներում կան գեղեցիկ սեռի ավելի շատ աշխատող ներկայացուցիչներ: Հայաստանը, Թուրքմենստանը և Բուրունդին կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Համաշխարհային բանկի բաց վիճակագրական տվյալներին։
Նշվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունը տեղեկատվություն է հրապարակում մի քանի տարվա ուշացումով։ Հրապարակված վիճակագրությունը արտացոլում է զբաղվածությունը 2022 թվականի վերջի դրությամբ։
Այսպիսով, Հայաստանն աշխարհում առաջին տեղում է կանանց զբաղվածության տեսակարար կշիռով աշխատող քաղաքացիների ընդհանուր թվաքանակում, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 52,76%: Գրեթե հետ չի մնում մեկ այլ հետխորհրդային երկիր՝ Թուրքմենստանը (52,61%)։
Երրորդ տեղում աֆրիկյան պետությունն է՝ աշխարհի ամենացածր զարգացած երկրներից մեկը՝ Բուրունդին (51,96%)։
Եվս վեց երկրներում կանանց զբաղվածության տեսակարար կշիռը գերազանցում է տղամարդկանցը։ Դրանք են՝ Մոզամբիկը (51,63%), Հարավային Սուդանը (51,30%), Զիմբաբվեն (50,68%), Բելառուսը (50,15%), Բարբադոսը (50,10%) և Լիտվան (50,06%)։ Ռուսաստանը 22-րդ տեղում է՝ կանանց զբաղվածության 49 տոկոս մասնաբաժնով։
Ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: Այնտեղ միայն յուրաքանչյուր 12-րդ աշխատողն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։