Գևորգ Ռուստամի Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին քաջի մահով ընկել է հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում։
«Փառքով ու պատվով իրեն ճանապարհեցինք բանակ։ Շատ ուրախ էր ինքն այդ օրը։ Ուզում էր Արցախում ծառայել։ Երբեք չենք մտածել, որ իրեն պետք է ազատենք բանակից։ Մտածել ենք, որ պետք է ծառայի, գա»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Լիլիթ Եգլարյանը։
Գևորգի ծնողներն ապրել են արտերկրում, բայց իրենց ավագ տղան հրաժարվել է գնալ երկրից, ինչից հետո ծնողները վերադարձել են հայրենիք։
Մայրն ասում է, որ երբ տղան դեռ երկու ամսվա ծառայող է եղել, իրենք այցելել են որդուն, նա նա չի ճանաչել իր տղային։
«Շատ էր փոխվել, ավելի տղամարդու նման էր, թիկնեղ էր դարձել։ Ոչ մի անգամ չի բողոքել»,-նշում է մայրը։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին Գևորգը ոչինչ չի պատմել ծնողներին, անընդհատ ասել է, որ ինքը մարտի դաշտում չէ, թաքստոցում է։
«Չենք իմացել, թե ինքը որտեղ է, ինչի միջով է անցնում։ Սեպտեմբերի 26-ին բարեկամներ այցելել էին իրեն, ոչ մի թոհ ու բոհ չի եղել։ Ամեն խոսելուց ասում էի՝ այսօր վերջին օրն է, մի քիչ էլ համբերեք։ Հոկտեմբերի 9-ին վերջին զանգն է եղել։ Լույս 10-ի գիշերը զոհվել է։ Այս օրը ես աշխատանքի վայրում էի, ինչ-որ տեսիլքային մի բան եկավ, Գևորգն ինձ ասաց՝ մամ, ես այստեղ եմ, ինձ գտեք։ Հրամանատարի հետ ենք խոսել, ասաց՝ տղաներս լավ «բոյ» տվեցին, բայց դե վերջը սենց եղավ»,-պատմեց տիկին Լիլիթը։
Տիկին Լիլիթը ուժ է գտել իր մեջ և նորից որդի է ունեցել։ Ամուսնո խնդրանքով տղային կոչել են ավագ եղբոր անունով, բայց մայրն ասում է, որ նա անհատականություն է և ինքը չի փորձում իր փոքրիկին նմանեցնել ավագ եղբորը։
«Ունեմ տղա և չէի ուզում, որ ինքը կյանքում մենակ մնա։ Իհարկե շատ բարդությունների միջով անցանք, բայց ծնվեց տղաս»,-ասում է մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան