2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամին ռազմական գործողություններ իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ՝ կրակ բացելով նաև Սյունիքի ուղղությամբ, որի մարտական դիրքերից մեկը, ի թիվս այլ քաջորդիների, պաշտպանում էր նաև Հովհաննես Եղիազարյանը։
Iravaban.net–ի «Պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում մայրը՝ Անուշ Խաչատրյանը հիշում է որդու ծնունդն ու թեև կարճ, բայց հերոսական կյանքը։
«Այնքան ուրախ օր էր։ Բժիշկներն անեկդոտներ էին պատմում, ծիծաղեցնում էին։ Չեմ զգացել, թե իմ հրաշքը ոնց է ծնվել։ Լույս էր, հրաշք։ Համեստության տիպար էր Հովհաննեսը։ Շատ լռակյաց էր, բայց մի այնպիսի բան կասեր, որ բոլորս կսկսեինք ծիծաղել, ինքը նորից կլրջանար։ Ամեն ինչը հեշտ էր իր մոտ, ոտքը որտեղ դներ, կկանաչեր։ Դրա համար էլ հանգիստ էի իր համար։ Վախ ունեի ինչ-որ չափով, որ կարող է կորցնեմ իրեն, բայց հետո շատ հանգիստ էի»,-ասում է տիկին Անուշը։
Նրա խոսքով՝ որդին շատ նպատակներ ու երազանքներ է ունեցել։ Ասել է, որ բանակից գա, կսկսի բիզնեսով զբաղվել։
Բնության սիրահարը ծառայությունն անցկացնում էր Սյունիքում։
«Երբեք ու երբեք չէր պատմի դիրքերից, տղաներից, զորամասից։ Ծառայության մեջ էր, բայց ոչ մի խոսք ծառայությունից։ Միայն ապագայի հետ կապված ծրագրերից էր պատմում»,-հիշում է մայրը։
Տիկին Անուշն ընդգծում է, որ որդին շատ բարձր տրամադրությամբ է մեկնել ծառայության, ինքն էլ իրեն շատ ուժեղ է պահել, որ որդին արցունքները չտեսնի։
«Չէր, սիրում, որ ինձ հանկարծ լացելուց էր տեսնում։ Ինձ շատ-շատ ամուր եմ պահեկ այդ օրը։ Իրեն ճանապարհել եմ արցունքներս չի տեսել, բայց երկու ամիս խելքի չէի գալիս, որ ինքը տանը չի»,-ասում է նա։
Անմնացորդ են ծառայել։ Այսպես է բնութագրում տիկին Անուշը որդու և ծառայակիցների սխրանքը։
«Երկու ամսվա ծառայող էր, տեղափոխել էին Զանգեր։ Մայիսի 11-ին Սև լիճը, որ շրջափակեցին, երեխաներին տարել են այնտեղ։ Այսօր մարդիկ կան, ասում են՝ խի՞, սեպտեմբերի 13-ին ի՞նչ է եղել։ Զարմանում ես նման մարդկանցից։ Ես չէի հավատում, որ նման հարցեր եղել են։ Ծնողներն ասում էին, ասում էի՝ երևի կատակ եք անում, ասում են՝ չէ Անուշ, մարդիկ չգիտեն՝ ինչ է կատարվել սեպտեմբերի 13-ին։ Այսօր ոչ մի պատկան մարմին չի հետաքրքրվում, թե 9 երեխային ինչի՞ թողեցին սարի վրա։ Քննիչն ասում է՝ գործ կա հարուցված, բայց գնում ես ընդունելություն չեն անում։ Արդեն մեկ տարի չորս ամիս է սպասում ենք, որ պետք է կանչեն։ Չկա ձայն, գոյություն չունեն։ Ոչ մի հարցաքննվող դեռ չկա, շատ ահավոր ա, այս ազգի համար շատ չնչին է դարձել երիտասարդների համար, ոչինչ է դրաձել։ Այսօր բոլոր պատասխանի ենք սպասում ու այդ պատասխանը չկա, թե ինչու մեր երեխաներին օգնություն չհասավ»,-ասում է Հովհաննեսի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան