2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամին ռազմական գործողություններ իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ կրակ բացելով նաև Վարդենիսի ուղղությամբ, որի դիրքերից մեկը պաշտպանում էր նաև Յուրի Հունանովը։
Նա բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսի 16-ին։ Վեց ամիս ծառայել է Մուղնիում, այնուհետև տեղափոխել են Վարդենիս։
«Մեկ տարի 2 ամիս ծառայեց Վարդենիսում։ Չէր բողոքում, երբեք-երբեք։ Ոչ մի անգամ, ոչ մի դժգոհություն։ Ոչ մի նեղություն մեզ չի տվել։ Ոչ մի անգամ չեմ իմացել, որ ինքը դիրքերում է։ Ասում էր՝ մամ ջան, էն բանը, որ պիտի մամային ասես ու մաման անհանգստանա, ավելի լավ ա մամային չասես։ Երբ զանգեր, իր առաջին խոսքն էր՝ մամ, դու գիտե՞ս չէ, որ իմ արևն ես։ Ամեն ինչ խավարվեց»,-Iravaban.net–ի «Պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է Յուրիի մայրը՝ Զինաիդա Հունանովան։
Նրա խոսքով՝ ինքը միշտ ասել է, որ իր որդին պետք է ծառայի ու հայրենիքը սիրել է սովորեցրել․«Բայց ոչ թե, ուղարկենք ու չդիմավորենք»։
Տիկին Զինաիդան հիշում է, թե ինչպես են իրեն հայտնել, որ թշնամին հերթական սադրանքն է սկսել։ Գիշերն իրեն զանգել են ու հայտնել, որ սահմանին իրավիճակը լարված է։ «Զին ջան, երեխեն ո՞նց ա»՝ լսվել է հեռախոսի հակառակ կողմից։
-Ի՞նչ է եղել։
-Վարդենիսի վրա հարձակվել են։
«Ամուսինս արագ-արագ հագնվեց, որ գնա, հասնի, տեսնի՝ ի՞նչ է եղել։ Մենք էլ՝ զանգը զանգի հետևից, բայց անհասանելի էր։ Այդպես էլ չիմացանք․․․20 օր հետո։ Ուղիղ 20 օր ամուսինս Վարդենիսի ճանապարհներին էր։ Տուն չեկանք, մինչև, որ Յուրիին չգտնենք։ 20 օր հետո զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ն համընկել է։ Երբեք չէի պատկերացնի, որ նման տղան այսքան կարճ ճակատագիր կունենա»,-պատմում է Յուրիի մայրը։
Երկար լռությունից հետո նա ավելացրեց՝ շատ դժվար է ապրելը, եթե սա կարելի ասել՝ ապրել․ «Կարոտ, որ սահման չունի»։
Ու հանուն հայրենիքի չխնայեց կյանքը։ Յուրի Հունանովը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան