Դատախազությունը Վահագն Վերմիշյանից պահանջում է բռնագանձել այն գույքերը, որոնք վերջինս ձեռք է բերել պետական պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ

Հունիսի 1-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը։

Ապօրինի գույքերի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու համար հիմք է հանդիսացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը։ Այն է․ կա քրեական գործ, որով Վերմիշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։

Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան դատախազությունից պարզաբանել են, որ բռնագանձման ենթակա բոլոր գույքերը Վերմիշյանը ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանում պաշտոնավարումից առաջ։ Պատասխանողը տասնամյակներ շարունակ բնակություն հաստատելով Ռուսաստանի Դաշնությունում ծավալել է բուռն մասնագիտական գործունեություն։ 

ՀՀ-ում առաջին պաշտոնը Վերմիշյանը զբաղեցրել է 2017 թվականի հուլիսից մինչև 2018 թվականը, եղել է Երևանի քաղաքապետի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով։ 2019 թվականին պաշտոնի է նշանակվել Քաղաքաշինության կոմիտեում, որպես կոմիտեի նախագահ, որից ազատվել է 2020 թվականի փետրվարին։

Վահագն Վերմիշյանը տասնամյակների ընթացքում ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն և այժմ հանդիսանում է երկքաղաքացի: Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ: Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին:

Նշված ցանկից, ըստ դատախազության, բռնագանձման է ենթակա Երևանում գտնվող բնակարանը, Ստեփանավանում գտնվող հողատարածքը, Ագարակի հողամասը և շուրջ 46 միլիոն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ 

Ըստ հայցվորի՝ Վահագն Վերմիշյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող ապօրինի ծագում ունեցող միայն ներկա պահին առկա և բռնագանձման ենթակա անշարժ գույքերի միջին շուկայական արժեքների հանրագումարը, հայցը ներկայացնելու պահի դրությամբ, կազմում է շուրջ 441 միլիոն դրամ։

Դատախազությունը նշել է, որ Վահագն Վերմիշյանն ուսումասիրվող ողջ ժամանակահատվածում (սկսած 2006-ից) ստացել է շուրջ 65 միլիոն 885 հազար դրամ օրինական եկամուտ, կատարել է շուրջ 186 միլիոն 904 հազար դրամի ծախս, որի մեջ ներառված են անշարժ և շարժական գույքերի ձեռքբերումները․ «Ուստի ակնհայտ է, որ անձի գույքային ձեռքբերումները և կատարված ծախսերը չեն հիմնավորվում օրինական եկամուտներով»: 

Պատասխանող կողմի դիրքորոշումն այն է, որ, կամ իրավասու մարմինը շահագրգռված չի եղել կատարել պատշաճ հետազոտություն, ոչ միայն ՀՀ շրջանակներում, այլ նաև ՌԴ-ն, կամ Վահագն Վերմիշյանը չի ծավալել ոչ մի գործունեություն, ցուցաբերելով լիիրավ անգործություն ոչ միայն իր մասնագիտական բնագավառում, այլ նաև կյանքում, և հարց է առաջանում թե ինչ միջոցներով է կարողացել «գոյատևել» Վահագն Վերմիշյանը և իր ընտանիքը․ «Հայցվոր կողմի տրամադրած փաստական տվյալներում բացակայում է երկար տարիների հետևանքով ՌԴ-ում ծավալած մասնագիտական գործունեության և ֆինանսական դրության հետ կապված տվյալները»:

Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է նաև, որ Վահագն Վերմիշյանի համար չի ապահովվել գույքի վերաբերյալ բացատրություններ տալու իրավունքը, չի տրվել ողջամիտ ժամկետ՝ ՌԴ-ից, Աֆրիկայից փաստաթղթեր ստանալու և ներկայացնելու համար։ Վերմիշյանի՝ անազատության մեջ գտնվելը ավելի է բարդացնում նշված տվյալների ձեռքբերման գործընթացը։

Դատախազությունը նշված պայմաններում եզրահանգել է, որ Վահագն Վերմիշյանը և իրեն փոխկապակցված անձինք չունենին բավարար օրինական եկամուտներ՝ նշված գույքերը ձեռք բերելու համար։ 

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել գործով նախնական դատական նիստը, որի ժամանակ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը հաստատել է, որ ուսումնասիրությունը կատարվել է բացառապես ՀՀ-ում, այլ երկրներ հարցումներ չեն արվել։

Վերոնշյալ նիստին ներկա էր նաև Վահագն Վերմիշյանը։ Նա հարց է ուղղել դատախազին․ «Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե կարելի է նմանատիպ հայցեր ներկայացնել բոլոր նրանց վերաբերյալ, ովքեր արտասահմանում աշխատելով ներդրում են արել ՀՀ-ում, ուրեմն Ալեք Մանուկյանին կարելի էր հարցնել, նրա դստերը, Քըրք Քըրքորյանին, Սամվել Կարապետյանին կամ դրսում աշխատած մյուս մարդկանց, որոնք ներդրում են արել ՀՀ-ում։ Կամ Բելգիայի ինչ-որ քաղաքում գիշեր-ցերեկ տաքսու վարորդ աշխատած, գույք ձեռք  բերած անձանց վերաբերյալ էլ կարելի է հայց ներկայացնել։ Հարցնել՝ որտեղի՞ց ձեզ էդ գույքը»։

Պատասխանող կողմը վստահ է, որ վերոնշյալ փաստերի արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է ձեռք բերել փաստական տվյալներ ՌԴ ֆինանսների նախարարությունից, հարկային ծառայությունից:

Ըստ այդմ՝ փաստական տվյալների ձեռք բերումը պետք է իրականանա փաստաբանական հարցումների և այլ միջոցներով, որը պահանջում է ոչ քիչ ժամանակ։ 

Հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը Iravaban.net-ի զրուցում նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը դիտվում է որպես հակակոռուպցիոն միջոցառում կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես էլիտար, այսինքն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակում, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչի համար, որովհետև բարձրաստիճան պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնը ստանձնելուց կամ պաշտոնավորաման ընթացքում համապատատասխան հայտարարագրեր` իրենց գույքի և ունեցվածքի վերաբերյալ, և եթե իրենք ձեռք են բերում պաշտոնավարման ընթացքում կամ դրանից հետո որոշակի թանկարժեք գույք, որը հիմնավորված չէ իրենց օրինական եկամուտներով ապա այս դեպքում այդ գույքը պետք է դիտվի ապօրինի ծագում ունեցող և բռնագրավվի: 

Հակակոռուպցիոն փորձագետը նշում է, որ ՀՀ-ում գործող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ունի սուբյեկտների չափազանց լայն շրջանակ և այն չի վերաբերում միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այն սուբյեկտների շատ լայն շրջանակ ունի։ 

«Իմգնահատմամբ՝ ցանկացած անձ, ինչպես նաև արտագնա աշխատանքով զբաղվող անձինք, կարող են ՀՀ գալ, թանկարժեք գույք կամ պարզապես գույք ձեռք բերել։ Արտագնա աշխատանքի մեկնած անձինք էլ ներկայումս կարող են ընկնել վերը նշված օրենքի կիրարկման տակ, որը, իմ կարծիքով, ոչ ճիշտ մոտեցում չէ։ Պետք է օրենսդրական փոփոխություններ արվի և նեղացվի այդ անձանց շրջանակը, որպեսզի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ավելի շատ դիտվի որպես հակակոռուպցիոն միջոցառում, հատկապես «էլիտար» կոռուպցիայի դեմ պայքարի միջոց»,-նշում է հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։ 

Մարատ Ատովմյանի խոսքով՝ իրավասու մարմինը պետք է բավարար ջանք և մասնագիտական կարողություններ գործադրի՝ բռնագանձման ենթակա գույքերի ցանկը հիմնավոր և ճշգրտորեն կազմելու համար։

Ավելի վաղ հիշատակված նիստի վերջում Վահագն Վերմիշյանը պնդել է ավելի վաղ իր արած հայտարարությունը, նշել է՝ իր գործը քաղաքական է, «պատասխանատուները համապատասխան պատասխանատվություն են կրելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել