«Հետապնդում իրականացող անձինք ատում են կենսագրություն ունեցող անձանց»․ Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչը պնդում է՝ իր վստահորդն անմեղ է, նրան պատկանող գույքն՝ օրինական

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 18-ին, պետք է տեղի ունենար հայ ճարտարապետ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով անդրանիկ նիստը։

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը սակայն նիստի սկզբում հայտնեց, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը դիմել է դատարանին ու միջնորդել նիստը հետաձգել՝ արձակուրդում գտնվելու հիմքով։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Iravaban.net-ը նիստից հետո Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևից փորձեց մանրամասնել իմանալ դատախազության ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։ Գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու և հայցադիմումը դատարան ուղարկելու համար հիմք է հանդիսացել Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտը, որի օրինակը պաշտպաններն էլ դեռ չեն ստացել։

Այսպես․ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մայիսի 12-ին հրապարակել է քրեական գործով դատավճիռը և Վահագն Վերմիշյանին 8 տարվա ազատազրկման դատապարտել։

«Առ այսօր Մնացական Մարտիրոսյանը չի տվել դատական ակտը։ Այսինքն, դատավճիռ, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի։ Ընդամենն ունենք Մնացական Մարտիրոսյանի կողմից եզրափակիչ մասի հրապարակումը դատական նիստին, բայց, քանի որ ինքն էլ չի կողմնորոշվում՝ ինչպես մեղավոր ճանաչել Վահագն Վարմիշյանին, 2 ամիս է մտածում են՝ ինչ գրել, որպեսզի տեքստը նման լինի դատավճռի»,-մեզ հետ զրույցում հայտնեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Դատավճռի հրապարակումից հետո նախաձեռնվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ուսումնասիրությունը, այնուհետև հայցադիմում ներկայացվեց դատարան, որը, ըստ փաստաբանի, իրականության հետ որևէ աղերս չունի։ Պատասխանողների ներկայացուցչի խոսքով՝ Վահագն Վերմիշյանը 1992-ից մինչև 2017 թվականը չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։

«Բնակվել է Մոսկվայում, Եվրոպայում։ Մինչև Հայաստան գալը եղել է Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետ, փոխնահանգապետը։ Իր բիզնես գործունեությունը կազմակերպել, պետական պաշտոններ է զբաղեցրել արտերկրում։ Սա հանրային է, նրա մասին ֆիլմեր են նկարել, իր հիմնադրած ընկերությունները գործել են ՌԴ-ում, Դուբայում, Շանհայում, Սուդանում։ Վերմիշյանն իր հիմնական կապիտալը ձևավորել է արտերկրում։ Եվ այն, ինչն այսօր որակվում է որպես ապօրինի ծագում ունեցող գույք, արտերկրում ձևավորված կապիտալի շատ չնչին տոկոսն է իրականում»,-նշում է Կոչուբաևը՝ հավելելով, որ նման գործելաոճը վտանգավոր է պետության համար, քանի որ մարդու՝ արտերկրում աշխատած գումարը, որը վերջինս փորձում էր կապիտալիզացնել Հայաստանում, փորձում են խլել։

Փաստաբանը կարծում է, որ դատախազության ներկայացրած հայցադիմումը հիմնավորվածության պակաս ունի, նույնիսկ զավեշտալի է, որ ապօրինի ծագում ունեցող գույք է դիտարկվել Վահագն Վերմիշյանի՝ տատիկից ժառանգություն ստացած գույքը․ «Ունենք կենսագրություն ունեցող անձ, ով վաստակ ունի աշխարհում, իրեն ճանաչում են որպես գերպրոֆեսիոնալ ճարտարապետ»։

Ալեքսադր Կոչուբաևը խոսեց նաև մի հետաքրքրական իրադարձության մասին։ Ենթադրյալ ապօրինի գույքերի մեկը վերաբերում է 90-ականներին Ստեփանավան քաղաքում ձեռք բերված մի հողամասը, որի մակերեսը 1000 քմ է։ Այն, ըստ դատախազության գնահատման, արժե 44 միլիոն դրամ․ «Այդպիսի գումարով Լոռու մարզում վաճառվող բոլոր հողամասերը կարելի է ձեռք բերել»։

Սակայն հետաքրքրականն այն է, որ նշված հողամասը 2018 թվականի հուլիսին ձեռք բերելու ցանկություն է հայտնել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայրը՝ Ռաֆիկ Պապիկյանը։ Նրան է պատկանում այդ 1000 քմ-ին հարող տարածքում գտնվող մեկ այլ հողակտոր, որը, փաստաբանի պնդմամբ, վերջինս ձեռք է բերել օրենսդրության խախտմամբ։

«Ստեփանավանում առկա կամրջին հարող տարածքում է այդ 1000 քմ հողամասը։ Կամրջից 6 մետր հեռավորության վրա պետք է որևէ հողամաս որևէ մեկին չտրամադրվի, դա օրենսդրության իմպերատիվ պահանջն է։ Բայց հողահատկացում է կատարվել Ռաֆիկ Պապիկյանին։ Վահագն Վերմիշյանը գտնում էր, որ այդ 1000 քմ-ն ստրատեգիական նշանակություն ունի քաղաքի համար և կարող է ծառայել որպես համայնքային այգի, կատեգորիկ ձևով մերժել է առաջարկը։ Ռաֆիկ Պապիկյանը ցանկացել է այդ հատվածում մսի շուկա հիմնել։ Այս դեպքն էլ մեզ մոտ կասկածներ է առաջացրել ընթացող գործընթացների վերաբերյալ»,-նշում է Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա պնդում է․ Վահագն Վերմիշյանը 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջին զոհն է, ով քաղաքական հետապնդման է ենթարկվում․ «Հարձակվել են մարդու գույքի վրա»։

Ալեքսադր Կոչուբաևը մի քանի պատճառներ նշեց, որոնք, ըստ իրենց, կարող էին հիմք հանդիսանալ քաղաքական հետապնդումների։ 

Առաջին․ Վահագն Վերմիշյանն իր ձերբակալման օրը զանգահարել էր Էկոնոմիկայի նախարարին և հայտնել, որ ՀՀ ներկրվող ցեմենտը ինքնարժեքից ցածր է և դա նրա մոտ կասկած է առաջացրել։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը կասկած էր հայտնել, որ ցեմենտի անվան տակ այլ փոշի է ներկրվում ՀՀ։ 

«Պայմանավորվածություն է եղել, որ ժամը 4-ին հանկարծակի ստուգման ենթարկեն Հայաստան մտած ցեմենտի բեռնատարը, սակայն դրանից 3 ժամ առաջ ձերբակալվել է Վահագն Վերմիշյանը։ Պարզվել է, որ նրա աշխատասենյակը գաղտնալսվել է։ Այսինքն, Վերմիշյանի ցանկությունը ԱԱԾ-ն ֆիքսել է միանգամից և կանխարգելել է այդ հանկարծակի ստուգումը»։

Երկրորդ․ Կառավարության նիստերի ժամանակ Վահագն Վերմիշյանի արտահայտած անկեղծ կարծիքը երկաթի արտահանման վերաբերյալ։

«Նա շատ կոշտ արձագանքեց այն որոշմանը, որով թույլտվություն էին տալիս երկաթի արտահանմանը։ Նա օրինակ էր բերել այն, որ 90-ականների պատերազմի ժամանակ եկեղեցու զանգերը ձուլվել են, որպեսզի փամփուշտ պատրաստեն և մենք, որպես պատերազմական իրավիճակում գտնվող պետություն, իրավունք չունենք երկաթ արտահանել։ ․․․Սև մետաղի անվան տակ իրականում Հայաստանից արտահանվել է 50 հազար տոննա մաքուր երկաթ, որին Վերմիշյանը շատ կոշտ է արձագանքել»։

Երրորդ․ Գյումրիում մաքսատուն կառուցելու ժամանակ կոշտ դիտարկում է կատարել՝ ասելով, որ մաքսատուն պետք է կառուցվի առևտրային սահմանին։ Քննարկում է եղել՝ արդյոք ՀՀ-ն Թուրքիայի հետ ազատ առևտրի հեռանկարներ են դիտարկվում և դա է պատճառը, որ Գյումրիում մաքսատուն է կառուցվում։ 

«Սա շատ խորը հակասությունների է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Վերմիշյանի միջև։ Այն, ինչ եղավ հետո՝ պատերազմը, խաղաղության դարաշրջանը, թուրքասիրական զեղումները, որոնք դուրս են գալիս կառավարությունից, Վահագն Վերմիշյանի մտահոգությունները հաստատում են»։

Չորրորդ․ Հայաստանի Հանրապետության «կադաստրային քարտեզը»։ Հարցի վերաբերյալ խոսակցություններ, ըստ փաստաբանի, եղել են նաև Վահագն Վերմիշյանի պաշտոնավարման ժամանակ։ Քարտեզագրումը պետք է իրականացներ իսրայելական մի ընկերություն։

«Այն նույն պետության ընկերությունը, որի ԱԹՍ-ներով 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախի օդային տարածքը ոչնչացվեց։ Նա դրա վերաբերյալ կատեգորիկ և շատ կտրուկ դիրքորոշում էր արտահայտել»։

Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ Վահագն Վերմիշյանի հայտնած մտահոգություններն այսօր արդեն իրենց հաստատումը գտել են և իշխանություններին մնում էր միայն մեկուսացնել նրան։

«Եթե Վահագն Վերմիշյանը լիազորություն էր չարաշահել, ապա ինչու Մնացական Մարտիրոսյանը 2 ամիս չի կարողանում կողմնորոշվել, թե իր որ լիազորությունն է նա չարաշահել»,-նշում է փաստաբանը՝ հավելելով, որ առաջադրված մեղաադրանքները հերքվել, ոչնչացվել են դատական նիստերի ընթացքում։

Նա հիշեցնում է նաև, որ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Վահագն Վերմիշյանի բողոքը և բեկանել է վարչական դատարանի վճիռը, որով նրա՝ աշխատանքից ազատումը ճանաչվել է անվավեր․ «Կառավարության անգրագիտության պատճառով բյուջեից շուրջ 50 միլիոն դրամ պետք է Վահագն Վերմիշյանին փոխհատուցվի։ Երեկ եմ խոսել պարոն Վերմիշյանի հետ, մեր հաշվարկներով՝ ակտը մտել է ուժի մեջ, կառավարությունը չի բողոքարկել։ Սակայն նրան չի ուրախացնում այդ փաստը, որովհետև այդ փոխհատուցումը պետք է հարկատուների հաշվին տրվի»։

Ալեքսանդր Կոչուբաևը նշում է, որ ենթադրյալ ապօրինի գույքի զանգվածից դուրս է բերվել միայն 2004 թվականի արտադրության «Վոլվո» ավտոմեքենա։

«Հետապնդում իրականացնող անձինք ատում են կենսագրություն ունեցող անձանց, իսկ Վահագն Վերմիշյանն ընդգծված կենսագրություն ունեցող մարդ է, ով ոչ թե պետական ռեսուրսների հաշվին է կապիտալ ձևավորել, այլ տասնամյակների դաժան աշխատանքների շնորհիվ»,-նշում է նա։

Փաստաբանը հավելում է նաև, որ Վահագն Վերմիշյանի համար չի ապահովվել գույքի վերաբերյալ բացատրություններ տալու իրավունքը, չի տրվել ողջամիտ ժամկետ՝ ՌԴ-ից, Աֆրիկայից փաստաթղթեր ստանալու և ներկայացնելու համար։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ընդհանուր 164 միլիոն 800 հազար դրամ։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել